«Մայքրոսոֆթ Հայաստան»-ը «Դիջիթեք 2012»-ին կցուցադրի Windows 8-ը և ոչ միայն

«Մայքրոսոֆթ Հայաստան»-ը «Դիջիթեք 2012»-ին կցուցադրի Windows 8-ը և ոչ միայն

«Microsoft Հայաստան» ընկերությունը հոկտեմբերի 5-7-ը կայանալիք «ԴիջիԹեք 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ կներկայացնի մի շարք նոր արտադրանքներ, մասնավորապես, Windows 8 օպերացիոն համակարգը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«Առաջին հերթին մենք ներկայացնելու ենք Windows 8 ՕՀ-ն, որը հոկտեմբերի 26-ին հասանելի կլինի բոլորի համար, այդ թվում և Հայաստանում: Կներկայացնենք նաև մի շարք նոր փաթեթներ, նոր Office-ը, ինչպես նաև սերվերային պրոդուկտներ»,-նշեց նա:

Windows 8-ը կներկայացվի Samsung և մի քանի այլ արտադրողների պլանշետներով: «Microsoft Հայաստան»-ը կցուցադրի նաև Windows Phone բջջային օպերացիոն համակարգով աշխատող Nokia Lumia չորս սմարթֆոն՝  Lumia 800-ը, Lumia 900-ը, Lumia 610-ը և Lumia 710-ը:

«ԴիջիԹեք» ցուցահանդեսի անցկացման առաջին օրը «Մայքրոսոֆթ Հայաստանը» կացկացնի նաև սեմինար-միջոցառում, որի ընթացքում ընկերության մասնագետները մանրամասն կպատմեն և կներկայացեն վերոհիշյալ արտադրանքները:

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ittrend.am-ը ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է: