Երևանի թիվ 76 դպրոցի աշակերտներին բաժանվել է XO դյուրակիր համակարգիչ

Այսօր «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի «ՆՈՒՌ» ծրագրի շրջանակում 121 XO համակարգիչ է բաժանվել Երեւանի թիվ 76 «Արգենտինյան Հանրապետություն» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Միջոցառմանը ներկա են եղել բարերար Էդուարդո Էռնեկյանը և ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: Այս մասին տեղեկացնում են «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի մամլո ծառայությունից:

Օր առաջ՝ հոկտեմբերի 3-ին XO համակարգիչ էր բաժանվել նաև (թվով 129) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին: Այս դպրոցները դարձան առաջինը Հայաստանում, որտեղ մեկնարկեց «ՆՈՒՌ» ծրագիրը:

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն, ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապ, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն  հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Ծրագիրը շարունակական է, առաջիկայում համակարգիչներ կստանան նաև այս սեպտեմբերին առաջին դասարան ընդունված երեխաները: ՆՈՒՌ ծրագիրը ԼՂՀ-ում իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող  կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է, հետևելով «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ)» ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է , որը մշակվել է  Մասաչուսեթսի  Տեխնոլոգիաների Ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում եւս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:

ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում: