Ռուս գիտնականները կվերստուգեն Լուսնի վրա ջրի առկայությունը

Ռուս գիտնականները մտադիր են վերստուգել Լուսնի վրա ջրի պարունակության տվյալները, որոնք ստացվել են 1970-ական թթ-ին «Լունա-24» կայանի գրունտի նմուշներից:

«Նմուշները պահպանվել են, այնպես որ մենք կարող ենք վերստուգել տվյալները նոր տեխնիկական մակարդակով»,- ասել է Ռիա Նովոստիին Վերնադսկու անվան Գեոքիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Բազիլևվսկին:

Առաջին անգամ Լուսնի վրա ջրի առկայության մասին նշել են ԽՍՀՄ գիտնականները 1978-ին: 170 գրամ կշիռ ունեցող լուսնային նյութի նմուշում հայտնաբերվել էր 0.1% ջուր: Իրենց այս բացահայտումը գիտնականները հրապարակել էին, սակայն դրանք առանձնապես մեծ ուշադրության չէին արժանացել:

Ալեքսանդր Բազիլևվսկու խոսքով, կարելի է կրկնել խորհրդային գիտնականների աշխատանքը՝ հաստատելու և վերստուգելու նրանց կողմից ստացված տվյալները:

Բաժիններ: Uncategorized