Lenovo-ն անհատական համակարգիչների ամենախոշոր արտադրողն է

Lenovo ընկերությունը 2012թ. երրորդ եռամսյակում դարձել է աշխարհի ամենախոշոր անհատական համակարգիչներ արտադրողը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղելով Gartner հետազոտական ընկերութան զեկույցի տվյալներին:

Այս կերպ Lenovo-ն առաջ է անցել Hewlett-Packard-ից, որը 2006թ-ից որպես ԱՀ արտադրող առաջատար էր: Lenovo-ի այս հաղթանակը հնարավոր է դարձել 0.2%-ի շնորհիվ: Gartner-ի տվյալներով, 2012թ. հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Lenovo-ի ԱՀ-ների վաճառքը կազմել է 15,7%, իսկ HP-ինը՝ 15,5%:

Այս ցուցանիշով 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում են համապատասխանաբար Dell, Acer և Asus ընկերությունները: Իսկ ընդհանուր 2012թ. 3-րդ եռամսյակում վաճառվել է 87,5միլիոն անհատական համակարգիչ: Այս ցուցանիշը 8,3%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Հաշվի առնելով ուլտրաբուքերի և պլանշետների արագ աճը շուկայում՝ զարմանալի չի լինի, որ գալիք տարիների ընթացքում այս ցուցանիշը գնալով նվազի: