Ռուստամ Նազարով. Բացի Apple-ից կան այլ հետաքրքիր բրենդներ (հարցազրույց)

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում իր Երևանյան գրասենյակն ունի«Abris Distribution» ընկերության դուստր ձեռնարկություն «LC Distribution»-ը: Վերջինս Հայաստան է ներմուծում համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք բրենդների արտադրանքներ՝ սկսած HP-ից, Canon -ից մինչև Samsung և Acer: Վերջին շրջանում ընկերությունը բացի համակարգչային և շարժական տեխնիկայից, ներմուծում է նաև համալրիչներ (RAM, կոշտ սկավառակներ և այլն):

ittrend.am-ը զրուցել է «LC Distribution»-ի Երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ռուստամ Նազարովի հետ: Վերջինս կիսվեց համակարգչային տեխնիկայի շուկայի միտումներով:

Ո՞ր երկրներից եք ներմուծում համակարգչային տեխնիկա

– Մեր լոգիստիկան դասակարգված է ըստ բրենդների: Որոշ ապրանքներ ստանում ենք Եվրոպայից, իսկ որոշները՝ Չինաստանից: Օրինակ Samsung-ը, LG-ն ստանում ենք Չինաստանից, իսկ HP-ն, Canon-ը՝ Եվրոպայից՝ Չնայած HP-ն արտադրվում է Չինաստանում: Ընդհանրապես, այսօր համակարգչային տեխնիկայի 90%-ն արտադրվում է Չինաստանում:

Ինչպե՞ս եք որոշում՝ ինչ արտադրանք ներմուծել Հայաստան

– Մեր ընկերությունն ունի 10 աշխատակից, որոնցից 3-ը վաճառքի մասնագետներ են և մեկը՝ գնումների: Յուրաքանչյուր վաճառքի մասնագետ աշխատում է որոշակի քանակությամբ գործընկերների հետ: Շփվելով վերջիններիս հետ՝ մեր թիմը քննարկում է և որոշում, թե ինչ ապրանք պետք է ներմուծել, ինչ քանակությամբ և թե ինչ գներ են պետք շուկային: Բացի դրանից, մենք զբաղվում ենք նախագծային բիզնեսով, որում ներգրավված են խոշոր ընկերություններ: Վերջիններս անմիջականորեն աշխատում են պատվիրատուների հետ՝ սկսած բանկերից մինչև պետական ընկերություններ, ում պետք է ավելի հզոր տեխնիկա (սերվերներ, աշխատանքային կայաններ, հատուկ մոնիտորներ և այլն):

Շարժական տեխնիկայից ո՞ր արտադրանքներն են ամենապահանջվածը Հայաստանում

– Այսօր աճում է նոութբուքերի պահանջարկը: Ես կարծում եմ, որ անհատական (սեղանի) համակարգիչների պահանջարկը գնալով նվազելու է և համապատասխանաբար, նվազելու է նաև համալրիչների պահանջարկը: Օրինակ նախորդ տարի բավական մեծ պահանջարկ ունեին նեթբուքերը, սակայն այս տարի նկատվում է նեթբուքերի շուկայի մղում 2-րդ պլան և պլանշետային համակարգիչների պահանջարկի աճ: Մենք էլ մեր հերթին շարժվում ենք շուկայի պահանջարկին համընթաց: Շուտով Հայաստանի շուկայում կհայտնվեն Acer ընկերության պլանշետներ:

Մենք հիմնականում շեշտը դնելու ենք Android պլանշետների շուկայի վրա և ոչ Windows կամ Apple-յան արտադրության: Հայաստանը սպեցիֆիկ շուկա է: Մարդիկ նախընտրում են կամ Apple կամ ոչինչ: Սակայն մենք կներկայացնենք հարմար գնային առաջարկ, ինչը կնպաստի, որ շուկան հասկանա՝ բացի Apple-ից կան այլ հետաքրքիր բրենդներ հետաքրքիր արտադրանքներով:

Որպես ներմուծող ընկերություն ինչպե՞ս կգնահատեք արտասահմանյան ՏՏ ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի շուկայով

– Հետաքրքրվածություն միանշանակ կա: Արտասահմանյան ՏՏ ընկերություններում աշխատողները հասկանում են, որ Հայաստանի շուկան մեծ չէ, սակայն հեռանկարային է: Այսինքն կա զարգացում թե՛ նախագծային և թե՛ վերավաճառքի բիզնեսում: Օրինակ շատ ակտիվ են HP-ն, Canon-ը: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ ՏՏ ընկերությունների մասնակցությամբ, իհարկե ոչ այնքան ակտիվ, որքան ցանկալի կլիներ: Սակայն համեմատած նախորդ տարիների հետ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի շուկա են մտել մեզ նման բավական խոշոր ներմուծողներ, ինչը ևս մեկ անգամ խոսքում է Հայաստանի շուկայով հետաքրքրվածության մասին:

Իսկ դուք անձամբ ի՞նչ սարքեր եք օգտագործում՝ պլանշ՞ետ, նոութբու՞ք, թե՞ սովորական սեղանի համակարգիչ

– Ես օգտագործում եմ Samsung-ի 10 դյույմանոց պլանշետ, բայց մտադիր եմ փոխել այն. ինձ համար արդեն մեծ է թվում: Որքան մեծ, այնքան ծանր: Հավանաբար կանցնեմ 7 կամ 8 դյույմանոց պլանշետի: Երբ խոսքը գնում է բիզնեսի մասին, ոչ մի պլանշետ չի կարող փոխարինել նոութբուքը: Այլ բան է, եթե հանգստի ես և անհրաժեշտ է ընդամենը էլ.փոստ ստուգել և այլ պարզ ֆունկցիաներ կատարել: Անգամ սմարթֆոնը համարում եմ ոչ հարմարավետ սարք: Այնպիսի բարդ գործողություններ, ինչպես Office փաթեթի ծրագրերից օգտվելն է, հարմար չէ կատարել սմարթֆոններում կամ պլանշետներում: Իմ սմարթֆոնը LG Optimus 2X է, սակայն շուտով մտադիր եմ փոխել Samsung-ի: Հնարավոր է ընտրեմ պլանշետի և սմարթֆոնի հիբրիդ: Ինձ հետաքրքրում են նաև ուլտրաբուքերը: Ի դեպ, մեր ընկերությունը շուտով ուլտրաբուքեր կներմուծի հայկական շուկա: Դրանք թեթև են և ինձ համար՝ որպես գործարար ճանապարհորդող անձ, կշռի խնդիրը առաջնային է:

Բաժիններ: Հարցազրույցներ