Ռուստամ Նազարով. Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնախնդիրները (հարցազրույց. մաս 2)

ittrend.am-ը ներկայացնում է ձեզ «LC Distribution» ընկերության Երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ռուստամ Նազարովի հետ անցկացրած հարցազրույցի 2-րդ մասը: Հիշենք, որ «LC Distribution»-ը «Abris Distribution» ընկերության դուստր ձեռնարկությունն է և արդեն 2 տարի է, ինչ գործում է ընկերության Երևանյան գրասենյակը: «LC Distribution»-ը Հայաստան է ներմուծում համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք բրենդների արտադրանքներ՝ սկսած HP-ից, Canon -ից մինչև Samsung և Acer:

Պարոն Նազարով, տեղական ի՞նչ ընկերությունների հետ եք աշխատում

– Մենք կարևորում են գործընկերությունը և մեր հաճախորդներին անվանում ենք գործընկերներ: Եթե որևէ ընկերություն համագործակցության ցանկություն է հայտնում, ապա մենք մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում վերջիններիս՝ սկսած պաշտոնական վաճառք իրականացնելու գործընթացից մինչև ամսական բոնուսներ: Սա օգնում է, որ ընկերությունը սկսի ինքնուրույն զարգանալ և մեծացնել իր բիզնեսը ծավալները: Այսօր մենք ունենք ավելի քան 50 գործընկեր, որոնցից ակտիվորեն իրենց դրսևորում են 10-ը: Մենք աշխատում ենք գրեթե բոլոր ՏՏ խոշոր ընկերությունների հետ՝ Unicomp-ից մինչև Բիլայն:

Ըստ ձեզ ո՞րոնք են Հայաստանի ՏՏ շուկայի հիմնական խնդիրները

– Հիմնական խնդիրը գնագոյացման հարցերի շուրջ նեղ մասնագիտական ուղղվածությունն է: Որոշ ՏՏ ընկերությունների համար մատչելի գինը առաջնայինն է: Եթե դուք առաջարկում եք օրինական մարքսազերծված, բոլորը հարկերը և ԱԱՀ-ն վճարված ապրանք, ապա բնական է, որ ձեր առաջարկած գինը պետք է ավելի թանկ լինի ոչ օրինական ճանապարհներով մաքսազերծված ապրանքներից: Ցավոք, կան մի շարք ընկերություններ, որոնք օգտվում են շուկայում առկա ալտերնատիվ առաջարկներից: Դրանք օգնում են ընկերություններին շահել ընդամենը մի քանի տոկոս տարբերությամբ: Սա մեր՝ դիստրիբյուտորների և գործընկերների միջև հարաբերություններում հիմանական խնդիրն է:

Կան իհարկե այլ փոքր խնդիրներ: Շատ կարևոր է նաև, որ հենց գնորդները՝ մարդիկ հետաքրքրվեն, թե որքանո՞վ է ապրանքը օրինական, որքանո՞վ է օրինակ գնվող նոութբուքի հարկերը վճարված, թե ո՞ւր են գնում այդ հարկերը: Չէ՞ որ հենց դրանցից է կախված մի շարք բյուջետային ընկերությունների և աշխատողների (բժիշկներ, ուսուցիչներ և այլք), թոշակառուների աշխատավարձերը: Հիանալի կլիներ, եթե յուրաքանչյուր գնորդ մտահոգվեր այս մասին և ոչ թե գներ միայն մատչելի ապրանք, այլ գներ մի բան, որը կնպաստեր այս երկրի զարգացմանը: Իսկ երկիրը կզարգանա միայն այն դեպքում, երբ բոլոր հարկատուները ժամանակին և օրինականորեն վճարեն հարկերը: Հնարավոր է մի 20 տարի հետ Հայաստանում այսպես լինի: Իհարկե, հասկանում եմ, որ ոչ բոլորն ունեն տեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, սակայն պետք չէ մոռանալ, որ բյուջետային ոլորտում աշխատողները հենց բյուջետից են կախված: Սա ոչ միայն երաշխիքի խնդիր է, այլև բարոյականության:

Իսկ հարևան երկրներում ինչպիսի՞ն է իրավիճակը, բոլորը վճարու՞մ են հարկերը

– Վրաստանում կարծես ամեն ինչ օրինական ճանապարհով է կատարվում, ամեն դեպքում այդպես լսել եմ: Անձամբ մի քանի անգամ եղել եմ և տեղյակ եմ, որ մաքսային ծառայությունը պարտավոր է 1 օրում մաքսազերծել ներմուծվող ապրանքները: Իսկ օրինակ Հայաստանում այս գործընթացը կարող տևել շաբաթներ, թղթաբանությունը շատ է:
Ադրբեջանում կարծում եմ վիճակն ավելի բարդ է: Այնտեղ «ով ինչպես ում հետ հասցնի պայմանավորվել» մեթոդով է արվում մաքսազերծումը:

Ի՞նչ եք կարծում, որոնք են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հիմնական միտումները

– Հայաստանի ՏՏ ոլորտը բավական արագ է զարգանում՝ չնայած ունի իր դրական և բացասական կողմերը: 2 տարվա աշխատանքի ընթացքում մեր ներմուծման ծավալները մեծացել են: Բացի դրանից, ինչպես ես ավելի վաղ նշեցի, աճել է պահանջարկը նոութբուքերի, պլանշետների և ավելի լուրջ տեխնիկայի (սերվերներ) նկատմամբ:

Մենք ամեն տարի այցելում ենք տեղական տեխնոլոգիական ցուցահանդեսներին, մասնակցում սեմինարների և տարբեր հանդիպումների ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ: Ես նաև նկատել եմ, որ այս տարի հատկապես ակտիվ են Microsoft Armenia-ն, Synopsys-ը, National Instrument-ը: Իհարկե ոլորտն ունի խնդիրներ, թերություններ, սակայն կարծում եմ, դա ժամանակի խնդիր է: