Աշխարհում կա ավելի քան 500 միլիոն Android սարքավորում

Աշխարհում ակտիվացված Android սարքերի թիվն անցել է 500 միլիոնը: Այս մասին հայտնել է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը՝ ընկերության ֆինանսական զեկույցի ժամանակ:

Համեմատության համար, Apple-ը հուլիսի վերջում հայտնեց, որ աշխարհում կա 410 միլիոն ակտիվացված iOS սարքավորում: Փեյջի խոսքով, օրական ակտիվացվում է մոտ 1.3 միլիոն նոր Android սարքավորում:

Google-ը, սակայն, չի նշում ակտիվացվող պլանշետների և սմարթֆոնների տոկոսային հարաբերությունը: Google-ի Android օպերացիոն համակարգը սմարթֆոնների համաշխարհային շուկայում առաջատար է, սակայն պլանշետների շուկայում զիջում է Apple-ի iOS-ին: Փեյջը նաև նշել է, որ ընկերությունը կանխատեսում է ունենալ մինչև 8 միլիարդ դոլար եկամուտ 2012թ. տարեվերջում միայն բջջային սարքերի վաճառքից: