«Բաց Խաղ» առաջնության խաղերի ցուցադրությունը և հաղթողները (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 20-ին կայացավ «Բաց Խաղ» Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012թ. առաջնության եզրափակիչ փուլ անցած թիմերի նախագծած խաղերի ցուցարդությունը, որին հաջորդեց եզրափակիչ փուլը:

«Լավագույն խաղ» անվանակարգում հաղթել է «Anuloid» թիմը իր «Gravi Tire 3D» եռաչափ արկածներով լի խաղով: Սա անիվների մրցավազք-խաղ է՝ նախագծված Android և iOS ՕՀ-ներով աշխատող պլանշետների համար: Խաղացողն ընտրում է մրցավազքի ճանապարհը, արագություն է հավաքում ցած գլորվելու ընթացքում ձգողականության շնորհիվ: Թիմը պարգևատրվեց 500 000 դրամով:

«Նորարարություն» անվանակարգի հաղթողն է «NUARD Coding» թիմն իր «Հեքսոլս» խճանկարային-ժամանցային խաղով: Այս գունագեղ խաղը բաղկացած է բազմաձև խճանկարներից: Այն նպաստում է ստեղծագործական մտքի թռիչքին: Խաղը նախագծված է iPad պլանշետների համար: Թիմը պարգևատրվեց 300 000 դրամ մրցանակով:

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ZYABs» թիմն իր «Learning Armenia» խաղով՝ նախատեսված հայերեն այբուբենը սովորելու համար: Այն պարունակում է ավելի քան 230 բառ և 38 բանաստեղծություն: Նախագծված է iPad պլանշետների համար: Ավելի մանրամասն խաղի մասին այստեղ: Թիմը պարգևատրվեց 300 000 դրամով:

«Լավագույն սցենար» ճանաչվեց «Tumo Group 1» թիմի «Psycho» պլատֆորմային խաղը: Խաղը հիվանդանոցի մասին է, որտեղ հավաքված են տարօրինակ հիվանդություններ ունեցող մարդիկ: Նրանց թվում է խաղի գլխավոր հերոսը՝ Լուսին, ով խաղի ընթացքում փրկում է հիվանադանոցի մյուս հիվանդներին: Թիմը պարգևատրվեց 300 000 դրամով:

«Պատանիների առաջնություն» անվանակարգում հաղթեց «Another games» թիմը՝ «Հարսանիք լեռներում» խաղով: Խաղացողն այս խաղում ունի մեկ նպատակ՝ ազատագրել Շուշին: Իրադարձությունները տեղի են ունենում 1992թ. մայիսի 8-9-ը: Թիմը պարգևատրվեց 300 000 դրամով:

«Ժյուրիի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վիկտորիա Հարությունյանի «Mukhoboyka» ճանճերի մասին բջջային խաղը: Ճանճերին պետք է թույլ չտալ կանգնել ուտելիքի վրա: Խաղի հեղինակը պարգևատրվեց 100 000 դրամով:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ayb» թիմի «AYBrain» խաղը: Այն զարգացնում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը, արագ կողմնորոշվելու, տառերը և գույները միաժամանակ ճանաչելու ունակությունը մատների աշխատանքի զարգացման միջոցով:

Առաջնությանը գրանցվել էին 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր և համակարգչային խաղեր:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիան» արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: