Nexus 4 սմարթֆոնը կարտադրի LG-ն

Հարավկորեական LG ընկերությունը հաստատել է լուրերն այն մասին, որ Google-ն իր բրենդային Nexus սմարթֆոնների հաջորդ սերունդը թողարկելու է LG-ի հետ համատեղ: Սմարթֆոնի շնորհանդեսը սպասվում է հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում կայանալիք Google-ի մամլո միջոցառման ժամանակ: Այս մասին գրումէ SlashGear-ը՝ հղելով LG ընկերության ներկայացուցիչ Ամիտա Գուժռալային:

Վերջինս հավելել է, որ սմարթֆոնը հասանելի է լինելու նոյեմբերի վերջին: Նա չի մանրամասնել, թե ինչ անուն է կրելու նոր սմարթֆոնը: Ըստ մամուլի ներկայացուցիչների ենթադրությունների, այն հավանաբար կկոչվի Nexus 4:


Nexus շարքի սմարթֆոնները սովորաբար Google-ը թողարկում է որևէ արտադրողի հետ համատեղ: Սկսած 2010-ից, Google-ը թողարկել է Nexus սմարթֆոն HTC-ի հետ և ևս երկուսը Samsung-ի հետ:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նոր Nexus սմարթֆոնն ունենալու է 4.7 դյույմ անկյունագծով էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ: Հնարավոր է, որ նոր Nexus-ը դառնա առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android ՕՀ-ի գալիք 4.2 տարբերակով (Key Lime Pie ծածկանվամբ):