Հոկտեմբերի 25-ին կանցկացվի «Գծին հետևող ռոբոտ» մրցույթ

Հոկտեմբերի 25-ին դպրոցականներից կազմված 7 թիմ կմրցեն «ԱրմՌոբոտիքս» շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում: 3 թիմով հանդես կգա «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կներկայացնի 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:

Մասնակիցները նախագծել ու պատրաստել են ռոբոտներ, որոնք կանցնեն լաբիրինթոսը, կգտնեն ճիշտ ուղիները և ետ կվերադառնան դեպի սկզբնակետ:

«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

ԱրմՌոբոտիքսի նպատակներն են` զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում և համալասարաններում: