Android-ը 2016-ին Windows-ից ճանաչված կլինի

Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի թիվը կգերազանցի Microsoft-ի Windows սարքերին 2016թ. վերջում: Այս կանխագուշակումն է կատարել հետազոտական-վերլուծական ընկերությունը Gartner-ը:

Ըստ Gartner-ի, 4 տարի անց աշխարհում լինելու է 2.3 միլիարդ Android  սմարթֆոն, պլանշետ և այլ համակարգչային տեխնիկա՝ համեմատած 2.28 միլիարդ Windows սարքերի հետ: Սպասվում է, որ 2012թ. ավարտին Windows սարքերի քանակը ավելին է լինելու, քան արագորեն աճող Android-ներինը (1.5 կամ 0.6 միլիարդ համապատասխանաբար):

Փորձագետները վաղուց են նշում, որ մարդկանց հետաքրքրությունը ավանադական համակարգիչների նկատմամբ նվազել է և աճում է պահանջարկը շարժական սարքերի նկատմամբ: Gartner-ը ԱՀ-ների վաճառքի նվազումը գնահատում է 8.3%՝ համեմատած նախորդ տարվա երրորդ եռամսյակի հետ:

Միևնույն ժամանակ, աճում է բջջային սարքերի վաճառքը: Canalys վերլուծական ընկերության տվյալներով, 2011թ. սմարթֆոն արտադրողները առաջին անգամ ավելի շատ սարք վաճառեցին, քան անհատական համակարգիչ:

Հիշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգի պաշտոնական վաճառքը: Windows 8-ի առանձնահատկությունն այն է, որ այն համատեղելի է թե՛ ԱՀ-ների և թե՛ պլանշետների հետ: