Կայացել է Windows 8-ի պաշտոնական թողարկումը

Ժամեր առաջ Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Այսօրվանից ՕՀ-ն հասանելի է վաճառքում:


Այն հնարավոր է գնել 140 երկրներում: Օգտագործողների համար հասանելի է երկու տարբերակ՝ Windows 8 և Windows 8 Professional: Կորպորատիվ հաճախորդների համար հասանելի է նաև Windows 8 Enterprise տարբերակը: Բացի դրանից, հասանելի է լինելու Windows RT տարբերակը՝ ARM պրոցեսորներով աշխատող պլանշետների համար, որը հնարավոր է լինելու ձեռք բերել միայն սարքի հետ միասին:

Հիշեցնենք, որ Windows 8-ն առաջին անգամ ներկայացվել է 2011թ. հունիսին: Թողարկվել է նախնական մի քանի տարբերակ՝ Developer Preview (2011թ. սեպտեմբեր), Consumer Preview (2012թ. փետրվար) և Release Preview (2012թ. մայիս): Իսկ RTM տարբերակը հասանելի է եղել 2012թ. օգոստոսին:

Արդեն իսկ արտոնագրված Windows XP, Vista կամ 7 օգտագործողները կարող են թարմացնել իրենց ՕՀ-ն Windows 8 Pro տարբերակի 40 դոլարով մինչև 2013թ. հունվար: Իսկ 2012թ. հունիսից- 2013թ. հունվար ընթացքում գնված բոլոր Windows 7 համակարգիչները հնարավոր կլինի թարմացնել 15 դոլարով: