Հայաստանում տեղեկատվական անվտանգությունն անմխիթար է

Հայաստանում տեղեկատվական անվտանգությունն անմխիթար է

Վերջերս «Կասպերսկու լաբորատորիան» իր 2012թ. 3-րդ եռամսյակի զեկույցում նշել էր, որ Հայաստանը աշխարհում 3-րդ ռիսկային երկիրն է՝ վիրուսներով վարակման տեսանկյունից: Այսօր «Ինտերնետ Հանրություն»ՀԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Սաղյանը մամլո ասուլիսի ժամանակ քննադատեց վերոհիշյալ զեկույցը:

«Դժվար է ասել, թե ինչ մեթոդով է այդ հաշվարկը կատարել «Կասպերսկու լաբորատորիան»: Միգուցե նրանք շահագրգռված են, որ Հայաստանում շատ օգտագործեն իրենց հակավիրուսային ծրագիրը: Եթե հաշվարկը միայն «Կասպերսկի» ՀԾ-ով է կազմվել, ապա այն ունի խոցելիություն»,-նշեց նա:

Գրիգոր Սաղյանն ընդգծեց, որ Հայաստանի ինտերնետ օգտագործողները այլ հակավիրուսներից նույնպես օգտվում են. «Շատերը հենց Windows-ի հակավիրուսային ծրագիրն են օգտագործում, բացի դրանից տարածում է գտել Android օպերացիոն համակարգը, ինչը նշանակում է, որ այս սարքերում էլ են օգտագործվում հակավիրուսներ»:

Գրիգոր Սաղյանը Հայաստանում կիբերանվտանգության մակարդակը գնահատեց անմխիթար. «Իհարկե կա գիտելիքի պակաս սովորական քաղաքացիների շրջանում: Մարդիկ չեն հասկանում, որ արտոնագրված ծրագրային ապահովումը պաշտպանված լինելու երաշխիքներից մեկն է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է անցնել բաց կոդով գրված ՕՀ-ների, ինչպիսին Linux-ն է»: