«Օդնոկլասնիկի»-ի օգտագործողները կկարողանան փոխել անձնական էջերի դիզայնը

«Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտագործողները հնարավորություն կունենան փոփոխել իրենց էջի արտաքին տեսքը՝ դիզայնը: Այս մասին հայտնում են սոցցանցի մամլո ծառայությունից:

Օգտագործողները կկարողանան ընտրել էջի ձևավորման համար առաջարկվող 30 տարբերակներից մեկը: Իսկ հետագայում կկարողանան նաև անձնական էջի համար վերբեռնել սոցցանց սեփական «շապիկները»: Ընկերությունը նշում է, որ օգտագործողների շրջանակում անցկացրած հարցումները խոսում են այն մասին, որ անձնական էջերի ձևավորումը եղել է ամենասպասված հնարավորություններից մեկը:

Բացի վերոհիշյալ փոփոխություններից, հնարավոր է լինելու նաև փոխել բրենդների խմբերի արտաքին տեսքը: Ընկերությունը նախատեսում է նաև հետագայում ներմուծել ևս մի քանի նորարարություններ, մասնավորապես, բրենդների խմբերում հնարավոր կլինի հրապարակել վիդեոներ և երաժշտություն՝ մեկնաբանություն թողնելու հնարավորությամբ, ինչպես նաև հարցումների և մրցույթների անցկացում: Բացի դրանից, բրենդներին կտրվի բաժանորդների ակտիվությանը հետևելու վիճակագրական գործիք: