Android ՕՀ-ն զբաղեցնում է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 75%-ը

IDC վիճակագրական ընկերության տվյալներով, Android սմարթֆոն արտադրողները, որոնցից ամենախոշորը  Samsung, HTC և Motorola ընկերություններն են, 2012թ. 3-րդ եռամսյակում վաճառել են 136 միլիոն սարք: Համեմատության համար, այս թիվը 2011թ. նույն ժամանակահատվածում կազմել է 71 միլիոն:

Google-ի Android բջջային օպերացիոն համակարգը սմարթֆոնների համաշխարհային շուկայում գրեթե կրկնապատկվել է և կազմել է շուկայի 75%-ը, ըստ IDC-ի տվյալների: Վերոհիշյալ 136միլիոնից միայն 56.3 միլիոնը վաճառել է Samsung ընկերությունը: Մեկ տարում ընկերության վաճառքը աճել է երկու անգամ:

Իսկ շուկայի 2-րդ առաջատարը Apple-ի iOS օպերացիոն համակարգն է` 15%-ով, գրում է IDC-ն: Ընկերությունը վաճառել է 26.9 միլիոն iPhone 2012թ. 3-րդ եռամսյակում: Research in Motion ընկերության BlackBerry ՕՀ-ով աշխատող սմարթֆոնները զբաղեցրել են շուկայի ընդամենը 4,3%-ը: RIM-ը վաճառել է ընդամենը 7,7 միլիոն սարք, ինչը 35%-ով նվազել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Դե իսկ Nokia-ի Symbian ՕՀ-ն կտրուկ զիջել է իր դիրքերը 77%-ով: Հիշենք, որ Nokia-ն 2011թ-ին Microsoft-ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի արտադրելու է սմարթֆոններ՝ աշխատող Windows Phone օպերացիոն համակարգով: Windows Phone-ով և Windows Mobile-ով աշխատող սարքերը կազմել են շուկայի 2%–ը: Ըստ IDC-ի, դրությունը կփոխվի 2012թ. 4-րդ եռամսյակում, քանի որ Windows Phone 8-ով աշխատող սմարթֆոնների վաճառքը մեկնարկելու է այս շաբաթ: