Այսօր Հայաստանում կմեկնարկի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «StartUp Cup» բիզնես մոդելների մրցույթի հաղթողների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով կմեկնարկի առաջին «Ձեռներեցության համաշխարհային շաբաթը» Հայաստանում:

Օգոստոսից սկսած մրցույթի մասնակիցները մշակում էին իրենց բիզնես մոդելները: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարին, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած «StartUp Cup»-ի հիմնադիրները:

Սեմինարավարների և ժյուրիի անդամների հետ ակտիվ աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցած 7 թիմից հաղթող են ճանաչվելու 3-ը, որոնք սեփական բիզնես սկսելու կամ եղածն ընդլայնելու համար դրամական մրցանակներ կստանան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

ittrend.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Հայկ Ասրիանցը նշեց, որ «StartUp Cup»-ի արդյունքները տպավորիչ են, իսկ Հայաստանում «Ձեռներեցության համաշխարհային շաբաթ»-ի հյուրընկալումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Նրա խոսքով, այս շաբաթ կանցկացվեն մի շարք սեմինարներ, ֆիլմերի դիտումներ, դասընթացներ ձեռներեցության, սեփական բիզնես սկսելու մասին:

«Հայաստանի ստարտափների առաջնություն»-ը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառումը սիրով հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը: