Նոյեմբերի 20-ին կմեկնարկի «WebԾիրան» օնլայն կինոփառատոնը

Նոյեմբերի 20-ին կմեկնարկի «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը և կավարտվի դեկտեմբերի 20-ին: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Փառատոնը սահմանել է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակի արժանացածները` 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի:

Օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:

Կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային և ձևաչափային սահմանափակումների  ֆիլմեր: Դրանք կարող են տեսանկարահանված լինել ցանկացած սարքով՝ բջջային, ֆոտոխցիկ, սիրողական կամ պրոֆեսիոնալ տեսախցիկ: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու համար, անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ: