Windows-ի ղեկավարը լքել է Microsoft-ը

Windows-ի և Windows Live-ի նախագահ Սթիվեն Սինովսկին լքել է Microsoft-ը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Windows-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Սինովսկու օգնական Ջուլիա Լարսոն-Գրինը, իսկ Windows-ի ֆինանսների համար պատասխանատու է լինելու Թամի Ռելլերը: Թե ինչու է Սինովսկին լքել Microsoft-ը, ընկերության կայքում չի նշվում:

Պետք է նշել, որ Սթիվեն Սինովսկին լքեց Microsoft-ն անմիջապես նոր Windows 8-ի թողարկումից հետո: Բացի Windows-ից, Սինովսկին Microsoft-ում պատասխանատու էր MS Office ծրագրային փաթեթի և մի քանի այլ ուղղությունների համար: Նա նաև համարվում էր ընկերության ղեկավար Սթիվ Բալմերի իրավահաջորդը:

Ինչպես նշում է CNN-ը, քննադատաների խոսքով, Windows 8-ի հաջողությունը Սինովսկուն պաշտոնի բարձրացման հնարավորության մասին էր խոսում, ահա թե ինչու նրա հեռացումը անսպասելի էր:

Սթիվեն Սինովսկին աշխատել է Microsoft-ում 1989-ից: Նրա հիմնական ուղղությունը եղել է Windows-ը: Նա պատասխանատու էր ոչ միայն Windows 7 և Windows 8 ՕՀ-ների համար, այլև ընկերության առաջին բրենդային Surface պլանշետի նախագծման և գործարկման համար:

Բաժիններ: Բիզնես