Հայտարարվել է ԱրմՌոբոտիքսի 2 մրցույթի գրանցում

2013 թ. համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի 2 մրցույթի գրանցում: «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. դեկտեմբերի 15-ը, իսկ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի համար՝ մինչև դեկտեմբերի 28-ը: Գրանցվել կարելի է օնլայն՝ այցելելով www.armrobotics.am և լրացնելով հայտը:  Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ և մայիս ամիսներին:

«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները  պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը և հյութի մետաղական տարան:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն սերվերի վրա:

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

Հիշեցնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: