«Dasaran.am»-ին է միացել արդեն 472 դպրոց

«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում են արդեն Հայաստանի 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաև բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը: Այս մասին տեղեկացնում են «Dasaran.am»-ի մամլո ծառայությունից:

«Dasaran.am»-ի աշխատակազմը 2012թ.-ի մարտից ի վեր վերապատրաստումներ է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքներում և տեղի դպրոցների անձնակազմին ծանոթացրել օպերատորների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքին: Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների և օպերատորների միջև տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն:

Իսկ ինչպես նշում են բազմաթիվ ծնողներ, «Dasaran.am»-ի շնորհիվ  հեշտացել է երեխաների առաջընթացի վերահսկողությունը, ինչպես նաև կայքն օգնում է ապահովել դպրոցների թափանցիկությունն ու նվազեցել կոռուպցիոն ռիսկերը: Ավելացնենք նաև, որ համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ և բացակայությունների 22% նվազում, ինչը ևս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

Նշենք, որ վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող և նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու և 19.500.000 ամսական էջադիտում: Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: