Գործարկվել է «Պաշարների շտեմարան» կրթական կայքը

Երեկ կայացել է նոր գործարկված «Պաշարների շտեմարան» կայքի շնորհանդեսը: Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես, էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից:

Կայքում ընդգրկվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարները՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին և կայքի մյուս այցելուներին: «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ:

Կայքի շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կրթական և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կայքը ստեղծվել է ԿԳ նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև կնքած համագործակցության պայմանագրի շրջանակում: