Երևանում կանցկացվի «Գաղափարից դեպի շուկա» վենչուրային կոնֆերանս

Նոյեմբերի 27-28-ը Երևանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կանցկացվի Վենչուրային կոնֆերանս՝ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում: Այս մասին հայտարարում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը:

Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու  տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և ճարտարագիտական ոլորտների 50 ծրագրերից ընտրված 21 ներդրումային ծրագրերին, որոնք մշակվել են «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

Ծրագրի ընթացքում հայ հետազոտողները աշխատել են մասնավոր ձեռնարկությունների հետ համատեղ` նոր գործարար հնարավորություններ բացահայտելու և իրագործելու նպատակով: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են մասնավոր ներդրողների համար գրավիչ և շահութաբեր  գիտահետազոտական առաջարկները: