Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Այն կկազմակերպեն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ կառավարությունը: Ֆորումի մասնակիցներին կընդունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաներ, ՏՀՏ ընկերությունների և բիզնես ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:

«Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը զարգանա նաև մարզերում, ինչի համար տարբեր ծրագրեր ենք նախաձեռնել: Հիմնվելով 2010 և 2011թթ. Ստեփանակերտում կայացած «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումների արդյունքում ունեցած ձեռքբերումների վրա՝ մասնավորապես, Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, Ինստիգեյթ, Լայմ Տեխ, Սիներջի ընկերությունների կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց սույն հանդիպումը նվիրել ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման հետագա խնդիրներին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Սպասվում է, որ ֆորումի ընթացքում մի քանի միջազգային ընկերություններ կհայտարարեն Ղարաբաղում իրենց ընկերության մասնաճյուղի բացման մասին: Միջոցառման օրակարգային  թեմաներից են` ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները, ԼՂՀ  տեխնոլոգիական զարգացումը` պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ԼՂՀ-ում ՀՀ ՏՀՏ կազմակերպությունների կողմից ընկերությունների հիմնադրման և/կամ գործունեություն ծավալելու վերաբերյալ առաջարկությունների  ու մտահաղացումների ներկայացում և այլն: