Շուտով կներդրվի վարորդներին՝ խախտումների մասին ՍՄՍ-ով տեղեկացման համակարգ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն» այցի ժամանակ երտասարդ նախագծողները ներկայացրել են հետաքրքիր ծրագիր ոստիկանության համար: Երբ արագաչափ սարքեի կողմից ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես ՍՄՍ հաղորդագրություն ուղարկել վարորդին։

«Վարորդը ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան»,- նշել է վարչապետը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, Տիգրան Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է կապվել «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն»- Start up բիզնեսի ծրագրի ղեկավարի հետ և քննարկել մշակված ծրագրերի օգտագործման հնարավորությունը։

Բացի վերոհիշյալ ծրագրից, ՄԻԿ երիտասարդները առաջարկել են նաև նման համակարգի ներդրում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի ներկայացում: Սա նշանակում է, որ գյուղացիները կարող են նման տեղեկություն ստանալ հեռախոսով, ինչը կմեծացնի վաճառքի կազմակերպման հնարավորությունը: Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը նույնպես հանձնարարել է կապվել ՄԻԿ-ի հետ:

Նշենք նաև, որ նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին` մոտ 145 մլն դրամ։