Գորիսի պետական համալսարանում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

Գորիսի պետական համալսարանի ամենամարդաշատ վայրում բացվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն: Այս մասին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից:

Հիշենք, որ նման անկյուններ են գործում Հայաստանի ևս 5 համալսարաններում: Շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այս շաբաթ նաև կրթաթոշակներ է տրամադրել Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի  և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:

Համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցել է մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Երեք համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է դեռ անցյալ տարի: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների: