Գործարկվել է 2 կայք՝ նախատեսված խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար

Այսօր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ գործարկվեցի 2 վեբկայք` նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով: Այս մասին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա»-ի մամլո ծառայությունից:

Փոքր տարիքից լսողության խանգարում ունեցող անձանց համար հաճախ դժվար կամ անհնարին է լինում սովորել կարդալ հնչյունային այբուբենով: Կայքում ժեստերի լեզվի առկայությունը բովանդակությունն ավելի մատչելի է դարձնում, իսկ տեքստային տարբերակը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ հասարակության այս խմբին վերաբերող հարցերի շուրջ նաև ընթերցողի ավելի լայն խմբերին:

Կայքերից մեկը՝ www.deaflife.am-ը, ստեղծվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների և սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու և ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու և լսող հասարակությանն ինտեգրվելու համար: Deaflife կայքի նյութերի հավաքագրմանն ու ներկայացմանն անմիջականորեն մասնակցել են ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն իրենց կարծիքներով, ցանկություններով ու առաջարկություններով: Կայքը արժեքավոր է նաև նրանով, որ հասանելի է Խուլերի միավորման անդամ խուլ մեծահասակներին, մանուկներին և օգտակար է սոցիալական տարբեր խմբերի համար՝ չլսող երեխաների ծնողների, նրանց հետ աշխատող մանկավարժների և այլ շահագրգիռ աձանց՝ լսող և չլսող:

Մյուս կայքը՝ www.deaf.am-ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական և մշակութային առանձնահատկություններով: Այն միտված է ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկությունը, այլև խթանել լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:

Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային և տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման  և ուսման արդյունավետությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների առօրյան, և կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը: