Հայտարարվել են «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» մրցույթի անվանակարգերը

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան հաղթել հայտարարված 7 անվանակարգերում: Այսօր մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի անվանակարգերի և մրցանակների մասին:

Անվանակարգերն են՝

  • Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում
  • Լավագույն Windows 8 հավելված
  • Լավագույն Windows phone հավելված
  • Լավագույն Android հավելված
  • Լավագույն iOS հավելված
  • Լավագույն համայնքային լուծում
  • Լավագույն մեդիա նախագիծ

Կազմակերպիչների խոսքով, բացի հիմնական դրամական մրցանակներից, մասնակիցներին սպասվում են մի շարք խրախուսական մրցանակներ: «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն»-ի տնօրեն Եվա Հյուսյանը նշեց, որ ակնկալում են ավելի քան 30 թիմի մասնակցություն: Նրա խոսքով, բոլոր մասնակցությանը գրանցված թիմերը մասնակցելու են մրցույթին:

«Մենք մինչև բուն մրցույթը կազմակերպելու ենք սեմինարներ, անհատական հանդիպումներ թիմերի հետ՝ աջակցելու մշակել իրենց գաղափարները»,- հավելեց Եվա Հյուսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ի հաղթող մասնակիցները հնարավորություն են ունենալու Բուլղարական վենչուրային հիմնադրամին ներկայացնել իրենց նախագծերը և լավագույնը ճանաչվելու դեպքում ստանալ 50 000 ԱՄՆ դոլարի մրցանակ:

Կազմակերպիչները նշեցին նաև, որ «Հեքըթոն[ՅԱՆ]» մրցույթի մասնակցիները բացի դրամական պարգևներից, ձեռք կբերեն նոր գործընկերներ, որոշ նախագծեր հնարավոր է հավանության արժանանան այլ կազմակերպությունների կողմից:

Հիշեցնենք, որ մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ը Մերգելյան ինստիտուտում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազատական ինստիտուտ): 24 ժամ անընդմեջ մասնակցի թիմերը կմշակեն իրենց գաղափարները, այնուհետև 2 րոպեանոց պրեզենտացիաների տեսքով կներկայացնեն դրանք: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը և ուղարկել այն [email protected] էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2012 թ-ի դեկտեմբերի 9-ը:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի կազմակերպիչներն են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Սորսիո ընկերությունը և Հանրային լրագրութան ակումբը: Տեղեկատվական գործընկերն է՝ ittrend.am-ը: «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի այս տարվա թեման տեխնոլոգիաներն են: Հեքըթոնը Սիլիկոնե հովտում սկիզբ առած միջոցառման ձևաչափ է, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: