Հայաստանում Windows 8-ի վաճառքները դեռևս մեծ չեն. Մարիամ Գաբրիելյան (հարցազրույց+ֆոտոշարք)

«Mont»-ը Հայաստանում գործում է 2008-ից, իսկ որպես «Mont Armenia»՝ 2010-ից: Ընկերությունը հանդիսանում է հանրաճանաչ ՏՏ ընկերությունների ծրագրային ապահովման խոշոր մատակարար: Մասնավորապես, դրանց թվում են Microsoft-ը, Adobe-ը, ABBY-ն, IBM-ը, Corel-ը, VMware-ը, Check Point-ը, գրեթե բոլոր հայտնի հակավիրուսային ծրագրերը ` Lab Kaspersky, Symantec, Eset, McAfee և այլք:

itTREND.am-ի հետ զրույցում «Mont Armenia» ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Մարիամ Գաբրիելյանը պատմեց ամենամեծ պահանջարկ ունեցող ծրագրերի և Հայաստանում արտոնագրված ծրագրերի օգտագործման մակարդակի մասին:

Ովքե՞ր իրավունք ունեն գնել ԾԱ անմիջապես «Mont Armenia»-ից

Մենք իրավունք ունենք վաճառել մեր ծրագրային ապահովումը միայն մեր գործընկերներին: Դրանք հիմնականում համակարգչային խանութներ են, որոնք տեղում հավաքում են համակարգիչներ և վաճառում դրանք: Ցանկացած ընկերություն կամ անհատ չի կարող ձեռք բերել ծրագրային ապահովում  մեր կազմակերպությունից: Բացառություն են կազմում միայն ԾԱ-ով զբաղվող այն ընկերությունները, որոնք գրում են ծրագրեր՝ նախագծված մեր ներկրած ծրագրերի հիմքով:

Մեր գործընկերները մոտ 70-նն են (ՀՀ-ում գործող համակարգչային խանութներ) : Ունենք գործընկերներ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում,Վանաձորում, Կապանում և անգամ Ստեփանակերտում:  Բացի վաճառքից, մեր գործի բնույթն է սովորեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր արտադրանք: Երբ նոր է դուրս գալիս ծրագիրը, մենք այն ուսումնասիրում ենք, հասկանում, թե ինչպես է աշխատում, ինչի հետ է աշխատում, ինչ հնարավորություններ ունի և այլն: Այնուհետև նույնը բացատրում ենք մեր գործընկերներին:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում արտոնագրված ծրագրերի օգտագործման մակարդակը: Ա՞ճ կա

– Իհարկե աճ կա, սակայն, նախևառաջ, պետք է սկսել Microsoft-ից, որը լոկոմոտիվի դեր է տանում: Պետք է սկզբում գնել Windows-ը, ապա մնացյալ այն ծրագրերը, որոնք աշխատում են Windows-ում: 2010-ի հետ համեմատ՝ 2011-ին արտոնագրված Windows-ի վաճառքը աճել է 30%-ով: Պարզապես, Հայաստանում մարդիկ սովոր են, որ Microsoft-ն անվճար է: Այժմ Microsoft-ի հիմնական դերն է մարդկանց բացատրել, ցույց տալ, որ իրենց ընկերությունում աշխատում են այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ ծրագրերը և նրանց մտավոր սեփականության համար պետք է ինչ որ գումար վճարել: Չի կարելի է գողանալ այն, ինչը, որ մեկը ստեղծել է, արտադրել է, դրա համար աշխատանք թափել, աշխատավարձ ստացել:

Այս առումով ավելի արագ աճ կա հակավիրուսային ծրագրային ապահովման սեգմենտում: Երբ մի օր համակարգիչը փչանում է և մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, գումարներ են ծախսում՝ միջինում 10 000 դրամ մասնագետի այցի համար: Մարդիկ իրենց գրպանի վրա են զգում և հասկանում, որ արժե վճարել արտոնագրված հակավիրուսային ԾԱ օգտագործելու համար, քան դառնալ վիրուսների զոհ: Բացի դրանից, եթե անգամ հակավիրոսային ծրագիրը ոչ արտոնագրված ՕՀ-ի վրա է տեղադրվում, միևնույն է, ինչ որ չափով պաշտպանում է: Մյուս կողմից, հակավիրուսային ԾԱ արտադրող ընկերությունները շատ ավելի խորամանկ են: Նրանք  արտադրում են արտադրանք՝ տալով հնարավորություն մի ամիս օգտագործելու, հետո արգելափակում են բանալի կոդը և անգամ եթե ունես ոչ արտոնագրված բանալի-կոդ, համոզված չես կարող լինել, որ հակավիրուսը 2-րդ թարմացումից կաշխատի:

Հակավիրուսային ծրագրերից որո՞նք են առավել ճանաչված Հայաստանում

– Հայաստանում ամենաշատը ճանաչված են 4 հակավիրուսային ծրագրեր: Առաջինը Kasperksy-ն է, որը ունի մեծ լսարան: Այն հիմնականում օգտագործում են փոքր բիզնեսը և տնային օգտագործողները: Ընդհանրապես հայ ժողովուրդը սիրում է բրենդներ: Եթե մի բրենդի մասին շատ են լսում, խոսում և որպես արտադրանք էլ լավն է, ապա բրենդի համար են վճարում: Տվյալ դեպքում էլ, գիտեն, որ Kasperksy-ն հակավիրուս է, ուրեմն դա պետք է գնել:

Տնային օգտագործողների շրջանում տարածված է նաև Eset-ը իր Nod 32 հակավիրուսով, ապա միջին բիզնեսի շրջանում՝ Symantec-ը: Պետք է նշել, որ Symantec-ը հիմնականում օգտագործվում է գործարար շրջանակներում, քանի որ վերջինովս մեծ ենթակառուցվածքների է հնարավոր կառուցել: Այն ոչ միայն պաշտպանում է, այլև սերվերների խափանման դեպքում՝ վերականգնում ինֆորմացիան: Օրինակ բանկերը կամ այն ընկերությունները, որոնք կարևորում են իրենց ինֆորմացիան, օգտվում են Symantec-ից:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ արտոնագրված հակավիրուսային ծրագիր ձեռք բերելու համար

– Kaspersky-ի ամենամատչելի տարբերակը տարեկան 14 000 դրամ է՝ երկու համակարգչի համար, իսկ հաջորդ տարի թարմացնելու դեպքում 1 համակարգչի համար վճարում ես 5100 դրամ: Ամենամատչելին հակավիրուսային ծրագրերից Doctor Web-ն է, սակայն այս բրենդի մասին քչերը գիտեն, հիմնականում նրանք, ովքեր այն օգտագործում են, քանի որ իրենց համակարգիչը հենց այդ ծրագրով է ներկրվել Հայաստան:

Microsoft-ի Windows 8 ՕՀ-ն նոր է թողարկվել, ի՞նչ կանխատեսումներ ունեք: Կկարողանա՞ այն վաճառքների քանակով գերազանցել Windows 7-ին

– Հայաստանում Windows 8-ի վաճառքները դեռևս այդքան մեծ չեն: Ընդհանրապես մեզ մոտ ընկերությունները շատ դժվար են համաձայնում փոխել օպերացիոն համակարգը: Կան ընկերություններ, որ դեռ Windows XP են օգտագործում: Դա սովորությունից է գալիս, նորին դժվար է սովորել:

Windows 8-ը վաճառքի առումով 7-ին չի կարող գերազանցել, քանի որ շուկան է փոխվում: Այսօր պլանշետները և նոութբուքները ավելի շատ են գնում՝ պակասեցնելով անհատական համակարգիչների քանակը: Բացի դրանից դրանք ներկրվում են արդեն Windows 8-ով, հետևաբար վաճառքի բում չի լինի:

Հայաստանում ի՞նչ արժեքով կարելի է ձեռք բերել Windows 7-ը և 8-ը

– Նոր Windows 8-ի արժեքն է 58 000 դրամ, իսկ Windows 8 Pro տարբերակինը՝ 76 000 դրամ: Ինչ վերաբերում է Windows 7-ին, ապա Microsoft-ը դադարեցրել է Windows starter տարբերակի թողարկումը, որը խանութներում վաճառվում էր 24 500 դրամով: Մնացյած տարբերակները շարունակվելու են վաճառվել: Home basic տարբերակի արժենքն է՝ 45 000 դրամ, home premium տարբերակինը՝ 58 000 դրամ, դե իսկ Pro-ն նույն գինն է, ինչ Windows 8 Pro-ն:

Դուք պարտավորվածություն ունե՞ք վերահսկելու ոչ արտոնագրված Windows-ի օգտագործումը

– Մարդ համակարգիչ գնելիս Windows-ը գնում է համակարգչի հետ միասին, հետևաբար այն չի կարող ոչ լիցենզիոն լինել, այլապես խանութը դատարկ համակարգիչ կտա: Վերահսկումը կատարվում է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության կողմից, ինչպես նաև Microsoft-ի շահերը պաշտպանող կազմակերպության կողմից: Պետք է նշեմ, որ Microsoft-ն այդ տեսանկյունից շատ լոյալ է՝ ի տարբերություն օրինակ Adobe-ի, որը միանգամից տուգանում է, դատի տալիս և անգամ ազատազրկում պահանջում: Adobe-ն իր շահերը Հայաստանում դեռ չի պաշտպանում, քանի որ շուկան փոքր է:

Microsoft-ը նամակներ է ուղարկում, բանակցում է, դիալոգի մեջ մտնում՝ հասկացնելու արտոնագրված ՕՀ-ի կարևորությունը և հեղինակային իրավունքի խախտումները, մինդեռ Adobe-ն ասում է՝ իմ արտադրանքն է, իմ գումարն է և եթե 10 տարի է ոչ արտոնագրված ես օգտագործել, պետք է տուգանք վճարես նաև այդ տարիների համար:

Մեր պարտավորությունների մեջ է մտնում պատասխանել ցանկացած զանգի, աջակցել վաճառքից հետո, բացատրել որ կոճակը սեղմել, ինչպե տեղադրել ծրագիրը և այլն: Դեպքեր են եղել, որ անձամբ ես եմ այցելել օգտագործողի տուն: Այս աջակցությունը մենք պարտավոր ենք ցուցաբերել, քանի որ ծրագրերի սկավառակների վրա մեր հասցեն է նշված՝ որպես դիստրիբյուտոր:

Ձեր ուշադրությանը ներկայացնում ենք  նաև «Mont Armenia»-ի գրասենյակի մի քանի լուսանկար: