«Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա»-ն համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ցանցով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից վերջերս գործարկված «ՏՏ ակադեմիա»-ին տրամադրել է 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի և ապահովել Wi-Fi ցանցով ինտերնետից օգտվելու հնարավորություն: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Ակադեմիային աջակցելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու և ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը և լավագույններին` «Մայքրոսֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաև:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` ուսումնական հաստատությունը արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում և այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի և շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջև կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի: