2012-ին հայկական ինտերնետ միջավայրը մեմաստեղծ էր. Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օրից ավարտվում է 2012-ը: Տարին լի էր ՏՏ ոլորտին վերաբերվող մի շարք իրադարձություններով և նորություններով: 2012թ. Հայաստանում ՏՏ ոլորտի աճի,  նշանավոր իրադարձությունների և ինտերնետ մեմերի մասին ittrend.am-ը զրուցել է ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Ըստ Ձեզ 2012-ին որո՞նք էինք Հայաստանի ՏՏ ոլորտի նշանավոր իրադարձությունները

2012-ը նշանավոր է նրանով, որ ինտերնետ լսարանը ահռելի մեծացել է: Պաշտոնապես ՀՀ բնակչության 60%-ը համարվում է ինտերնետ օգտագործող: Բացի դրանից, 2012-ին վերջապես էլեկտրոնային կոմերցիան Հայաստանում դարձավ շուկայի մի մաս: Հատկանշական է նաև այն, որ վենչուրային ֆոնդի ստեղծման մասին է խոսք գնում, ինչը կարող է լուրջ խթան լինել ՏՏ ոլորտի համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտի մասնագետների արտահոսք է սկսվել, ինչտը բացասական միտում է:

Իրադարձությունների տեսանկյունից, 2012-ը 2011-ի հետ միասին նշանավոր էր իրար հետևից աճող ՏՏ ոլորտի միջոցառումներով: Եթե նախկինում ոլորտը փակ էր աշխատում, ինչի պատճառներից մեկն այն էր, որ ձեռնարկությունների մեծ մասը աշխատում է դրսի կապիտալի վրա և խնդիր չունի այստեղ որևէ իրադարձության մասնակցելու, ապա հիմա՝ վերջին երկու տարում, ՏՏ համայնքը սկսել է շփվել: Միջոցառումները շատ են և դժվար է գնահատել, ասել, թե որն է լավը: Իսկ եթե միայն քանակության տեսանկյունից խոսենք, ապա ամենամեծ միջոցառումը «ԲարՔեմփ Երևան»-ն է: Կազմակերպվում են ԲարՔեմփեր նաև մարզերում, ինչը շատ կարևոր է: Ակտիվացել է նաև հեքըթոնների անցկացումը:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բնակչության ինտերնետից օգտվելու գրագիտության մակարդակը: Փոփոխություններ նկատվու՞մ են:

Ինտերնետի տարածումը ՀՀ-ում համաչափ չի զարգացել: Օրինակ 5 տարի առաջ համակարգիչները թանկ էին, քիչ հասանելի և մարդ համակարգիչ էր ձեռք բերելիս՝ կրծում-ուսումնասիրում էր: Բացի դրանից ինտերնետ օգտագործողների համայնքը քիչ էր և մարդիկ իրար օգնում էին: Այսօր ցանցում հայտնվել են ահռելի քանակությամբ մարդիկ, որոնք նույնիսկ համակարգիչ անջատել միացնել չգիտեն:

Այս խնդիրը լուրջ է, այն բերում է կոնկրետ խնդիրների, օրինակ՝ հասարակական անվտանգության: Երբ դու ունես մի քանի հարյուր հազար օգտագործող, որոնց կարելի է շատ հեշտ խաբել, որովհետև ցանցից բան չեն հասկանում և պարզապես մատչելի համակարգիչ են ճարել, խնդիրը դառնում է ազգային: Ճիշտ է անցկացվում են մի շարք ուսումնական ծրագրեր՝ նպաստելու ինտերնետից օգտվելու կրթությանը, սակայն, առայժմ, ես չեմ տեսնում դրանց ազդեցությունը: Հաշվի առնելով ինտերնետ լսարանի աճի տեմպերը, նման ծրագրերի աճը և ազդեցությունը շատ ավելի դանդաղ է ավելանում, հատկապես մարզերում:

Ի՞նչ եք կարծում 2013-ին ինչ տեխնոլոգիաներ կամ սարքեր են նորաձև լինելու

Այսօրվա դրությամբ հիմնական միտումը սմարթֆոններն ու պլանշետներն են, իսկ նեթբուքերը իներտ դիրքերում են: Այսօր տեխնոլոգիաները տանում են դեպի բջջային ծրագրային ապահովում, դեպի սոցիալիզացիա, գեոլոկացիան էլ է զարգանում: Նույնն էլ Հայաստանում է: Մենք այդ տեսանկյունից ետ չենք, ընդհանուր միտումներին զուգահեռ ենք զարգանում: Կանխատեսում եմ այն, որ հիմնական միտումը գնալու է դեպի էներգախնայող սարքեր: Այսօր ամենամեծ խնդիրը ոչ թե լավ սմարթֆոն ունենալն է, այլ սմարթֆոն, որը կեսից չի անջատվի: Հզորության տեսանկյունից կամ ֆունկցիոնալությամբ սմարթֆոնները հասել են մի այնպիսի մակարադակի, որը մարդկանց գոհացնում է:

Ի՞նչ եք կարծում, որո՞նք են 2012թ. ամենահիշարժան ինտերնետ-մեմերը և դրանցից ո՞րն է Ձեր սիրելին

Ամենաչսիրածս, բայց ամենատարածվածը թրոլֆեյսերն են որոնք զուտ էսթեթիկորեն փչացնում են երեխաների ճաշակը, բայց անհասկանալի պատճառներով շատ են տարածված: Հայաստանում տարվա ճանաչված մեմերից էին «Դու լրիվ ոնց որ խառնում ես սաղ»-ը, մաթնաքաշը, «Սիրուն չի Տարոն ջան»-ը, որը կարծում եմ ամեներկար կյանք ունեցող մեմերից մեկն է, քանի որ վերջինիս կիրառումը չի նվազում: Ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի զարդարման սպեցիֆիկ դիզայնը ինտերնետ միջավայրում անընդհատ մեմ է դառնում: Օրինակ՝ կանաչ արջը, ֆլամինգոները: Այս տարին մեմաստեղծ էր:

Իսկ իմ ամենասիրելի մեմը «Լրիվ ոնց որ խառնում ես սաղ»-ն է, որը կիրառելի է բոլոր կոնտեքստներով: Ինձ համար յուրահատուկ է մնում նաև 2011-ի մեմ Արթուր Պողոյանը: