Ամփոփվել է «Web Ծիրանն» օնլայն կինոփառատոնը

Հայտնի են «Web Ծիրան» համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները: 1 ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից:

Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը և Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:

Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին է արժանացել Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից¦ վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին է արժանացել Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվել է Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային և Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջև:

Ամենաշատ դիտումների են արժանացել`Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմը, որն արժանացել է «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:

Մրցանակաբշխությունը կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Մրցանակները հաղթողներին հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան¦ երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը: