2012-ը հայ հաքերների համար բեկումնային էր. Սամվել Մարտիրոսյան (հարցազրույց)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ittrend.am-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ անցկացրած հարցազրույցի 2-րդ մասը: Այս անգամ փորձագետը ամփոփեց 2012թ. ՏԱ զարգացումները Հայաստանում:

Ինչ եք կարծում, որքանո՞վ են այսօր Հայաստանում ընկերությունները մտահոգված իրենց կայքերի, տվյալների բազաների անվտանգությամբ: ՏԱ գիտակցությունը փոփոխություն կրել է 2012-ին?

Ընդհանուր առմամբ, անվտանգության նկատմամբ ուշադրությունը գնալով դառնում է արդիական: Մարդիկ հասկանում են որ այս ոլորտում պետք է գումարներ ծախսել, հասկանում են, որ անվտանգությունը օդից չի ծնվում: Երբ ֆինանսական կորստի ռիսկեր կան մարդիկ շատ ավելի արագ են սկսում կողմնորոշվել: Առաջընթաց իհարկե կա: Որոշ ոլորտներում, հատկապես պետական և բանկային, անվտանգության խնդիրը հստակ է դրված: Շատ այլ ոլորտներում անվտանգության նկատմամբ ուշադրությունը թույլ է և փոփոխություններ առանձնապես չեն եղել: Բանկային համակարգը մի քիչ փակ է, բայց գնալով ավելի լուրջ է այդ ամենը կազմակերպվում: Օրինակ, բանկերը վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից, իսկ պետական ոլորտում ազգային անվտանգությունն է վերահսկում իրականացնում: Այս ոլորտները կոնկրետ պատասխանատուներ ունեն, իսկ մնացած ոլորտներում ինքնակրթության հույսի վրա է:

Որո՞նք էին 2012-ի կիբերհարձակման ամենամոդայիկ ձևերը

Ամենամոդայիկը SQL Injection-ներն էին: Մեզ վրա հիմնականում ադրբեջանցիներն էին հարձակվում, տոկոսային առումով նրանց հաջորդում են թուրքերը, իսկ հետո խառը: Հարձակումների հաջորդ տարածված տեսակը social engineering-ն էր, որը գնալավոր պակասում է, քանի որ Հայաստանում հոսթինգ տրամադրողները սկսել են պարտադրել բարդ գաղտնաբառերի օգտագործում: Social engineering-ը հարձակման այն տեսակն է, երբ հեշտությամբ կռահում են գաղտնաբառերը կամ խաբում մարդուն՝ հասկանալով հոգեբանությունը և ստանում գաղտնաբառը:

DDoS հարձակումներն այս տարի առաջին անգամ ներքին քաղաքական պայքարում օգտագործվեցին և Հայաստանն էլ ընկավ Ադրբեջանի կողմից կատարած ամենամեծ հարձակման տակ:

Ինչպե՞ս եք գնահատում հայ և թուրք/ադրբեջանցի հաքերների միջև շարունակական 2012թ. կիբերպատերազմները, ո՞ր կողմն էր ավելի ուժեղ

Թուրքերը հիմնականում կոնկրետ առիթներով են հարձակումներ անում՝ ապրիլի 24 կամ բանաձևի ընդունում: Իսկ ադրբեջանցիները միշտ են հարձակվում, կարծես թե ամեն օր կայքեր կոտրելու պլան է դրված: Հայկական կողմի համար այս տարին բեկումնային էր այն պատճառով, որ դեկտեմբերի 31-ից հայկական հաքերային խմբերը սկսեցին հակահարվածներ տալ: Ամենամեծ տուրուդմփոցը սեպտեմբերին էր, երբ ազատ արձակեցին Ռամիլ Սաֆարովին: Հայկական կողմին հաջողվեց անգամ Ադրբեջանի նախագահի կայքը կոտրել: Այդ տեսանկյունից, մեր հարձակումներն ավելի նշանակալից էին, քան իրենցը, բայց դա հարաբերական է:

Բաժիններ: Հարցազրույցներ