Mocak.am-ը թողարկել է մանկական ծրագիր iPad-ների և Android սարքերի համար

Mocak.am մանկական կայքը ներկայացնում է նոր նախագիծ՝ Էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ հայերեն լեզվով, աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iPad-ի և Android օպերացիոն համակագով աշխատող պլանշետների համար: Այս մասին տեղեկացնում են mocak.am-ից:

Ամսագիրը ունի ճանաչողական և ժամանցային ուղղվածություն և յուրաքանչյուր ամիս կծանոթացնի հայ երեխաներին հայոց պատմության և մշակույթի, հայ հերոսների և հայ մանկագիրների հետ, կներկայացնի հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ, հայալեզու աուդիոհեքիաթներ, հայկական մուլտֆիլմեր ու նրանց ստեղծման պատմությունները: Ամսագրում երեխաները կգտնեն նաև բազմաթիվ տրամաբանական խաղեր, երգեր, համեղ բաղադրատոմսեր և հետաքրքիր ձեռքի աշխատանքներ:

Ամսագիրը այժմ հասանելի է Beta տարբերակով և ամսագրի անձնակազմն ընդունում է առաջարկություններ և քննադատություններ [email protected] էլ. փոստի հասցեով և հաշվի առնելով բոլոր ցանկություններն ու առաջարկությունները՝ ճիշտ մեկ ամսից կներկայացնի «Մոծակ» մանկական ամսագրի առաջին ավարտուն համարը:

Մոտ ապագայում ամսագիրը կունենա նաև արևմտահայերեն տարբերակը՝ դառնալով ավելի մատչելի Սփյուռքում ապրող երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iTunes-ում և Google Play-ում անվճար: