4G-ն արդարացված չէ Հայաստանի շուկայի համար. Ֆրանսիս Ժելիբտեր (հարցազրույց)

Արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որի ընդհանուր ներդրումները երկրում կազմում են 250 միլիոն եվրո: 2012թ. սեպտեմբերից «Օրանժ Արմենիա»-ն ղեկավարում է նորանշանակ տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: ittrend.am-ի հետ զրույցում նա պատմեց ընկերության 2013թ. պլանների և կանխատեսումների մասին, ինչպես նաև կիսվեց հետաքրքիր վիճակագրական տվյալներով:

Պրն. Ժելիբտեր ճի՞շտ է, որ Հայաստանում առաջին անգամ տարիներ առաջ եք եղել: Կպատմե՞ք ձեր առաջին այցի մասին

Իսկապես, ես առաջին անգամ Հայաստան եմ այցելել 30 տարի առաջ. տուրիստական այց էր Ռուսաստան, Վրաստան և Հայաստան: Անկեղծ ասած, ես շատ ժամանակ չունեցա տեսնելու ողջ Հայաստանը, այցելեցի միայն Սևանա լիճ և Երևանի կենտրոնը: Հիշում եմ, որ ամենաշատը տպավորվել էի կենտրոնական շուկայով, որը լի էր մրգերով, բանջարեղեններով ու այլ ամեն տեսակի բարիքներով, մինչդեռ այդ նույն ժամանակ Լենինգրադի խանութները պարզապես դատարկ էին:

Դուք արդեն մի քանի ամիս է, ինչ ղեկավարում եք ընկերությունը: Ի՞նչ փոփոխությունների և նորամուծությունների սպասենք նոր տնօրենից

Չեմ կարող չափազանց վաղ խոսել 2013թ. նոր առաջարկների ու նորարարությունների մասին. շուկան խիստ մրցակցային է, իսկ մեր ընկերության քայլերը հաճախ արագ կրկնվում են: Orange-ն իսկապես նորարար օպերատոր է Հայաստանում: Orange-ը չի փոխելու իր աշխատաոճը. մենք ունենալու ենք նորարարություններ տեխնոլոգիայի, առաջարկների, հաճախորդների սպասարկման և ձայնային ու ինտերնետ ծառայությունների լուծումների առումով:

Ե՞րբ է «Օրանժը» Հայաստանում 4G ծածկույթ ապահովելու

Մեր նպատակն է տրամադրել մատչելի և որակյալ ծառայություններ ամբողջ Հայաստանում և ոչ թե ինքնագովազդով զբաղվել: Մենք ամբողջ Հայաստանում կառուցել ենք ամենաժամանակակից 3G+ ցանցը, որը թույլ է տալիս բաժանորդներին առաջարկել համեմատելի արագություններ և ավելի մեծ հարմարավետություն, քան 4G-ն է առաջարկում այսօր: Օրինակ, Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեր ցանցն ունի մինչև 42Մբ/վ ներբեռնման թողունակություն, իսկ ցանցի մնացած հատվածներում՝ 21Մբ/վ:

3G տեխնոլոգիան լայնորեն տարածված է գոյություն ունեցող սմարթֆոնների համար, ինչը չենք կարող ասել LTE-ի (4G) մասին: Մենք շատ ուշադիր հետևում ենք 4G-ի զարգացումներին կայունության, մատչելիության և հեռախոսների հետ համադրելիության առումով: Ֆրանս Տելեկոմ Խմբի շնորհիվ մենք ունենք անհրաժեշտ փորձն ու գիտելիքները՝ ներդնելու այս տեխնոլոգիան, հենց որ այն արդարացված կլինի մեր շուկայի համար:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս որոշում ընդունեց այն մասին, որ 2014-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի MNP (Mobile Number Portability) ծառայությունը: Ի՞նչ եք կարծում, ծառայության գործարկման համար նշված ժամանակահատվածը բավարա՞ր է և որքա՞ն  ներդրում է կատարելու Օրանժը MNP-ի համար

Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ համակարգի ներդրման գործընթացը տևում է 1 տարի և մի փոքր ավելի: Կարևորն այն է, որ այս պահին բոլոր օպերատորներն ընդունել են և համաձայն են նշված ժամկետի հետ, կարծում եմ, որ խոչընդոտներ չեն լինի: Ժամկետում տեղավորվելու համար կարևոր է նաև, որ հիմնական իրավական փաստաթղթին ավելանա MNP-ի՝ Հայաստանում կիրառման մանրամասները (ի՞նչ պարամետրերով և ձևաչափով է ներդրվելու): Եթե այն պատրաստ լինի մինչև ապրիլի 1-ը, ապա իրատեսական է, որ հունվարի 1-ից MNP-ն կգործարկվի:

MNP-ն վաղուց է ներդրվել Արևմտյան Եվրոպայում և Հայաստանում մենք իրականում պարզապես «հասնում ենք» մյուսների հետևից: Ըստ մեր հաշվարկների՝ մեզ պետք կլինի մոտ 1 մլն եվրո ներդրում, սակայն համակարգի ընձեռած առավելությունները բազմաթիվ են: MNP-ի շնորհիվ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը կդառնա ավելի մրցակցային, ինչն իր հերթին կնպաստի ծառայությունների որակի բարձրացմանը, և դրանից բաժանորդները միայն օգուտ կքաղեն:

Պրն. Ժելիբտեր այսօր «Օրանժ Արմենիա»-ն ունի 600 000 բաժանորդ, որից 80 հազարը ինտերնետ բաժանորդներ են: Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2013-ի համար, կա՞ սահմանաչափ, որին նպատակ եք դրել հասնել կոնկրետ ժամանակահատվածում

2013-ին մենք վստահաբար կշարունակենք մեծացնել մեր բաժանորդային բազան: Ինչպես գիտեք, մրցակցությունը շատ ուժեղ է շուկայում և մեր կոմերցիոն նպատակները չափազանց շուտ չենք հայտնում, բայց երբեք չենք հապաղում հայտնել, երբ դրանք ակտուալ են: Միայն կարող եմ նշել դինամիկայի մասին: 2012թ. 3-րդ եռամսյակում մեր շրջանառությունը մեծացավ 41.7%-ով՝ համեմատած 2011թ. նույն եռամսյակի հետ: Մենք հույս ունենք, որ 2013-ին ևս կապահովենք այս աճը:

Այսօր «Օրանժ»-ը բաժանորդագրությունների շնորհիվ բավական ակտիվ տեմպերով սմարթֆոններ է վաճառում: Ո՞ր բրենդի սմարթֆոններն են ամից շատ վաճառվում և ի՞նչ քանակությամբ

Պատասխանը շատ է կախված այն բանից, թե որ գնային սահմանների մասին է խոսքը: Android օպերացիոն համակարգով Alcatel սմարթֆոններն այսօր ամենաշատ վաճառվողներն են գնի նկատմամբ ուշադիր գնորդների սեգմենտում՝ որպես «լավ հնարավորություններ+ցածր գին» լուծում: Միջին և բարձր դասի սմարթֆոններից Samsung-ը (հատկապես Galaxy ընտանիքը) և HTC սմարթֆոններն են շատ վաճառվում, հայտնի բրենդերի և ագրեսիվ տեխնիկա-ծրագրային առաջընթացի շնորհիվ:

iPhone5-ի վաճառքը նույնպես ակտիվ շարունակվում է, մենք առաջին մոդելները տրամադրեցինք այն բաժանորդներին, ովքեր նախապես գրանցել էին հեռախոսը: Ամսական մենք վաճառում ենք ավելի քան 1000 սմարթֆոն: Միտումները դեպի աճ են գնում, ինչը ուրախացնում է:

Երեք տարիների ընթացքում «Օրանժ»-ը Հայաստանում ներդրել է 250մլն. եվրո, որքա՞ն եք ներդնելու 2013-ին

MNP ծախսերը չհաշված՝ 2013-ին մեր ներդրումները ուղղված են լինելու նախ ցանցի թողունակության մեծացմանը, քանի որ ոչ միայն բաժանորդներն են ավելանում, այլև սպառումն է շատանում: Բացի դրանից, ներդրումներ ենք կատարելու ցանցի ընդարձակման համար: Ճիշտ է, մենք հասանելի ենք ՀՀ բնակչության 95%-ին, սակայն ընդարձակվելու տեղ դեռ կա: Շարունակելու ենք ներդրումներ կատարել նաև նորարարությունների, մասնավորապես, ՏՏ լուծումների համար, որպեսզի շարունակենք նորարար ծառայություններ մատուցել բաժանորդներին: Կարծում եմ մեր կապիտալ ներդրումները 2013-ին կկազմեն 12 միլիոն եվրո:

Պրն. Ժելիբտեր, Դուք ասուլիսներից մեկի ժամանակ նշել էիք, որ 2013թ. վերջում Օրանժը կդառնա ինքնաֆինանսավորվող: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ընկերության ներդրումները ետ բերելու համար

Մեր նպատակն է 2013թ. հասնել հավասարակշռված ֆինանսական արդյունքների և մենք ճիշտ ճանապարհին ենք՝ մեր նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է ներդրումների վերադարձելիությանը, ապա երրորդը շուկա մտած օպերատորի համար, ինչպես Orange Արմենիան է, սովորաբար բիզնես պլանը կազմվում է 10 տարվա համար:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքերում է «Օրանժ Արմենիա»-ն՝ մրցակիցների հետ համեմատ: Որքա՞ն եք գնահատում ընկերության՝ շուկայի առաջատար դառնալու հնարավորությունը

Այս հարցին երկու մասով պիտի պատասխանեմ: Ձայնային ծառայություններով մենք զբաղեցնում ենք շուկայի 17%-ը և ըստ մեր ուսումնասիրությունների՝ արդեն երկրորդ օպերատորն ենք մարզային քաղաքային բնակավայրերի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է ինտերնետի շուկային, ապա մենք շարժական ինտերնետի առաջատարն ենք այս շուկայի ավելի քան 50% մասնաբաժնով: Մեր նպատակն է շարունակել մեծացնել Orange-ի բաժանորդների համայքը՝ ձեռք բերելով նոր բաժանորդներ:

Բաժիններ: Հարցազրույցներ