Hayland.am-ում գործարկվել է «Համահայկական վիրտուալ տոնածառ» նախագիծը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին մեկնարկեց Hayland.am սոցիալական ցանցի ամանորյա նախագիծը՝ «Համահայկական վիրտուալ տոնածառը»: Այս մասին տեղեկացնում են սոցցանցի մամլո ծառայությունից:

Նախագծի նպատակն է ստեղծել ամանորյա բարեմաղթանքների և ցանկությունների  համահայկական առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին շնորհավորել իրար ու կատարել միմյանց ցանկությունները:

Hayland.am -ի գլխավոր էջում տեղադրված վիրտուալ տոնածառի  բոլոր այցելուները՝ անկախ նրանից հանդիսանում են Hayland.am -ի սոցիալական ցանցի օգտատեր, թե ոչ, կարող են թողնել իրենց մաղթանքները և ցանկությունները, ինչպես նաև՝ ընտրել որևէ ցանկություն և կատարել այն՝ անակնկալ մատուցելով դրա հեղինակին, դառնալով ցանկություններ իրականացնող և նվերներ մատուցող «Անակնկալ Ձմեռ պապ»:

Ամանորը հրաշքների ու երազանքների իրականացման ժամանակաշրջան է: Գտեք Ձեր կարծիքով ամենայուրատուկ ցանկությունը, որը կարող եք և ուզում եք իրագործել, մինչև հունվարի 13-ը կապվեք դրա հեղինակի հետ, մատուցեք կամ ուղարկեք նրա ցանկացած նվերը: Լուսանկարվեք Ձեր «Անակնկալ Ձմեռ պապի» կամ նոր ընկերոջ հետ կամ լուսանկարեք Ձեր ստացած նվերը և  մինչև հունվարի 13-ը ուղարկեք  [email protected] էլեկտրոնային հասցեին: Նախագծի ամփոփումից հետո Ձեր լուսանկարը կհայտնվի վիրտուալ տոնածառի վրա:

«Համահայկական  վիրտուալ տոնածառ» նախագիծը հնարավորություն է ստեղծում ստանալ և մատուցել հաճելի ամանորյա նվերներ, դառնալ ցանկություններ իրականացնող «Անակնկալ Ձմեռ պապ» և գտնել նոր ընկերներ: