Google-ը կանցկացնի 2 միջոցառում՝ նվիրված իր Glass նախագծին

Google ընկերությունը հունվարի վերջում և փետրվարի սկզբում կանցկացնի երկու միջոցառում, որոնց շրջանակում նախագծողներին հնարավորություն կտրվի ծանոթանալ ակնոցի տեսք ունեցող Glass կրելի համակարգչին և զբաղվել վերջինիս համար ծրագրային ապահովման նախագծմամբ: Այս մասին իր Google+ էջում հայտնել է ընկերության աշխատակից Այգուլ Զագիդուլինը:
Այս միջոցառումներին կկարողանան մասնակցել միայն այն մասնագետները, ովքեր միացել են Explorer նախագծողների ծրագրին և կատարել են Glass-ի նախնական պատվեր, որի արժեքն է 1500 դոլար: Հիշենք, որ Google-ն առաջին անգամ ցուցադրեց Glass սարքը 2012թ. ապրիլին, իսկ նախնական պատվերները սկսեց ընդունել հունիսից: Սպասվում է, որ բոլոր նախագծողները կստանան իրենց պատվերը առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Երկօրյա միջոցառումը կկայանա հունվարի 28-29-ը Սան Ֆրանցիսկոյում, իսկ փետրվարի 1-2-ը Նյու Յորքում: Սարքի և վերջինիս ինտերֆեյս Mirror API հետ ծանոթանալուց հետո նախագծողները կսկսեն նախագծել ծրագրեր, որոնց ընթացքում նրանց կօգնեն Google-ի ճարտարագետները: Իսկ միջոցառման ավարտից հետո մասնակիցները կկարողանան ցուցադրել իրենց աշխատանքները գործընկերներին:

Հիշենք, որ Glass-ի յուրահատկությունը գրաֆիկական ինֆորմացիայով էկրանն է՝ տեղակայված օգտագործողի հենց աչքի դիմաց:

Բաժիններ: Uncategorized