ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը կենթարկվի մոնիթորինգի

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագիրը, որի իրականացմանը ԻՏՁՄ-ն  ձեռնամուխ է եղել 2013թ. սկզբից:

Ծրագրի նպատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում 2008-2018թթ. պլանավորված և մինչ օրս իրականացվող ծրագրերը և աշխատանքները, բացահայտել դրանց իրականացման արդյունավետություն, ինչպես նաև հանրային ակտիվ իրազեկման միջոցով ապահովել հասարակության, ՏՀՏ ոլորտի ընկերությունների մշտական ուշադրությունն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտում կատարվող ծրագրերի և դրանց արդյունավետության գնահատման նկատմամբ:

«Ներկայումս լուրջ արդյունքներ են արձանագրվել հայեցակարգային որոշ նպատակների իրականացման գործընթացում: Սակայն հայեցակարգում ընդգրկված են խնդիրներ, որոնց լուծման համար կիրառվող ուղղությունները և կատարման մեթոդները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման տենդենցները, այլևս արդի չեն: Անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել այս խնդիրները և վեր հանել դրանց լուծման համար կիրառվող մրցակցային ուղղությունները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: