Պոռնոգրաֆիա պարունակելու համար App Store-ից հեռացվել է 500px ֆոտոծրագիրը

Apple ընկերությունը իր ծրագրերի օնլայն խանութ App Store-ից  հեռացրել է ճանաչված ֆոտոհոսթինգային ծրագիր 500px-ը, հայտնում է TechCrunch-ը: Հեռացման պատճառ է հանդիսացել 500px-ում «պոռնոգրաֆիկ բնույթի պատկերների» հրապարակումը, ինչը հակասում է App Store-ի կանոններին, նշում է Apple-ն իր հայտարարության մեջ:

500px iOS ծրագիրը հնարավորություն էր տալիս iPhone, iPod touch և iPad օգտագործողներին դիտել, մեկնաբանել և «like» անել 500px-ում հրապարակվող լուսանկարները:

500px-ի տնօրեն Եվգենի Չեբոտարևը TechCrunch-ի հետ զրույցում նշել է, որ Apple-ի նշած դիտողությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, 500px-ում արգելված է պոռնոգրաֆիկ բովանդակությունը: Նմանատիպ լուսանկարները կայքի մոդեռատորները հեռացնում են: Չեբոտարևը նշել է նաև, որ 500px-ում թույլատրվում են Նյու կոչվող ժանրի գեղարվեստական լուսանկարներ: Սակայն, անգամ այդ լուսանկարները հեշտությամբ հնարավոր չէ դիտել, պետք է լինել կայքի գրանցված անդամ և կարգավորումներում ակտիվացնել «ցուցադրել մեծահասակների բովանդակություն» դաշտը:

500px-ը գործում է 2003-ից: Այսօր կայքում կան գրանցված մոտ կես միլիոն օգտագործողներ: Բացի iOS ծրագրից 500px-ն ունի Android տարբերակ:

Բաժիններ: Uncategorized