Nokia-ն հաստատեց Symbian ՕՀ-ի «մահը»

Nokia-ն հայտնել է, որ 2012թ. ամռանը թողարկված 808 PureView սմարթֆոնը դարձավ ընկերության Symbian օպերացիոն համակարգով աշխատող վերջին սարքը: Nokia-ն Symbian հարթակից վերջնականորեն հրաժարվելու մասին հայտնեց 2012թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության ժամանակ, գրում է TechCrunch-ը:

2012թ. վերջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 2.2մլն. Symbian սմարթֆոն: Նույն ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 4.4 մլն Windows Phone բջջային ՕՀ-ով աշխատող սմարթֆոն:

Symbian օպերացիոն համակարգը սկսել են նախագծել 1998-ից: Բացի Nokia-ից, ՕՀ-ի նախագծմանը մասնակցել են նաև Psion, Ericsson և Motorola ընկերությունները: Symbian հարթակի հիմքով մշակվել են մի քանի ՕՀ-ներ՝ S60-ը (օգտագործվել է Nokia, LG և Samsung սարքերում), UIQ-ը (Motorola, Sony Ericsson) և MOAP-ը (Sharp и Fujitsu): 2009-ին Nokia-ն հիմնեց Symbian Foundation հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով դարձնել Symbian-ը բաց կոդով աշխատող համակարգ:

2011-ին Nokia-ն համագործակցության պայմանագիր կնքեց Microsoft ընկերության հետ և սկսեց թողարկել սմարթֆոններ՝ աշխատող Windows Phone օպերացիոն համակարգով՝ դարձնելով այն իր սարքերի հիմնական ՕՀ-ն: Այսօր ընկերությունը բացի WP սարքերից թողարկում է նաև մատչելի Asha սմարթֆոններ՝ աշխատող S40 համակարգով:

Բաժիններ: Վիճակագրություն