Վաղը Դիլիջանում կբացվի Թումո կենտրոն

Հունվարի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի կունենա Թումո կենտրոնի բացումը, որը հնարավոր է դարձել Կենտրոնական բանկի աջակցությամբ: Այն կգործի Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում՝ Դիլիջանի նախկին Քաղաքային գրադարանի շենքում: Այս մասին տեղեկացնում են Թումոյի մամլո ծառայությունից:
Թումո Դիլիջանը հագեցած է 29 Apple համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Արդեն հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան դիլիջանցիները կարող են այցելել Թումո գրանցվելու համար: Ուսուցումը Թումոյում անվճար է:
Ուսուցանող մարզիչների և հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ դիլիջանցի պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա՝ պատանիները կհմտանան իրենց նախընտրած ոլորտներում, ձեռք կբերեն թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ, կձևավորեն վերլուծական մտածելակերպ, կզարգացնեն նախաձեռնողական կարողություններ: Հրավիրված օտարերկրյա և տեղացի մասնագետների հետ հանդիպումներն ու դասընթացները պատանիներին
հնարավորություն կընձեռեն զարգացնելու իրենց գիտելիքները: Արդեն մարտ ամսից Թումո Դիլիջանում կգործեն ռոբոտաշինության և համակարգչային երաժշտության հատուկ դասընթացներ:
Հիշենք, որ Թումոն  Երևանում բացվեց 2011թ. ամռանը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Թումո կենտրոնի նպատակն է հայ պատանիներին ընձեռել լավագույն հնարավորություններ ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Այսօր արդեն կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը: