«Վիմպելկոմ» բաժանորդներն անվճար կօգտվեն Վիքիպեդիայից

«Վիմպելկոմ»-ը և Վիկիմեդիա հիմնադրամը այսօր հայտարարեցին համագործակցության մասին, որի շրջանակում «ՎիմպելԿոմ»-ն իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի Վիքիպեդիա ազատ օնլայն հանրագիտարանի անվճար մուտքի հնարավորություն:

«Wikipedia Zero»-ի միջոցով «ՎիմպելԿոմ» շարժական կապի բաժանորդներին կտրամադրվի անվճար մուտքի հնարավորություն Վիքիպեդիա անվճար հանրագիտարանի բջջային տարբերակին տեքստային ձևաչափով:  Անգլերեն լեզվով տարբերակին զուգահեռ հոդվածները հասանելի կլինեն նաև տվյալ երկրի լեզվով:

Վիքիպեդիան երբևէ կազմված ամենամեծ տեղեկատվական հավաքածուն է: Ներառելով ավելի քան 23 միլիոն հոդված 280 լեզվով` Վիքիպեդիան աշխարհի հինգերորդ ամենից շատ այցելություն ունեցող կայքէջն է և ունի ավելի քան 483 միլիոն ընթերցող:

«Շատ ուրախ ենք, որ «ՎիմպելԿոմ»-ը միանում է մեզ միասին հաղթահարելու բջջային հեռախոսներից Վիքիպեդիա մուտք գործելու արգելքը: Այս համագործակցությունը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է մեր առաքելությանը. անվճար գիտելիքները հասանելի դարձնել մոլորակի յուրաքանչյուր բնակչին: Համագործակցելով աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, մենք այժմ կարող ենք ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղ կարող ենք տարածել Վիքիպեդիային անվճար մուտք գործելու հնարավորությունը:  Այս համագործակցության շնորհիվ «Wikipedia Zero»-ն հասանելի կլինի աշխարհի 330 միլիոն բջջային կապի բաժանորդներին»,- նշել է Վիկիմեդիա հիմնադրամին կից բջջային կապի բաժնի ղեկավար Կուլ Տականաո Վադհան:

“Wikipedia Zero” կներդրվի “ՎիմպելԿոմ”-ի գործառնություններում այս տարվանից սկսած` շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող շուկաների վրա: “Wikipedia Zero” նախաձեռնությունը կլինի համագործակցության առաջին քայլը, հետագայում երկու գործընկերները  ծրագրում են համատեղ մշակել լրացուցիչ Վիկիմեդիա ծառայություններ` ուղղված զարգացող շուկաներին:

Այս համաձայնագիրը «ՎիմպելԿոմ»-ի հետևողական ռազմավարության մի մասն է կազմում և լրացնում է նախկինում հայտարարված համագործակցությունը Opera Mini-ի հետ, որը նպատակ ուներ առաջարկել շարժական վեբ բրաուզեր` հարմարեցված  տարրական բջջային հեռախոսներին: