Ռալֆ Յիրիկյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելել է «Այբ» ավագ դպրոց ճանաչողական-ուսուցողական հանդիպման: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Սերունդներին առաջարկվող նորորարությունները մարդկության զարգացմանը խթանելու նպատակ են հետապնդում: Կիրթ, բացահայտող, խելացի, վերլուծող, պատասխանատու և հեռատես երիտասարդությունը կարող է ոչ միայն հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերը, այլև թելադրել զարգացման իր պայմանները: Դրանք, սակայն, պետք է ձևավորվեն միմյանց հանդեպ հարգանքի, ազնիվ մրցակցության և անպայման արդյունքի հասնելու վճռական աշխատասիրության վրա»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ» ավագ դպրոցի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է 2011 թվականից: Կրթական համակարգում ՏՏ դերի բարձրացմանը նպաստելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը դրսևորվել է համակարգված` խորհրդատվության և մասնագիտական աջակցության տեսքով: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը դրսևորվել են և՛ կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, և՛ կառավարման մշակույթի համատեքստում կազմակերպված դասախոսությունների ձևաչափով, և՛ դպրոցում կրթության համապարփակ համակարգ ստեղծելու պատրաստակամությամբ:

Համակարգերի նախագծման, փորձարկման և տեղադրման աշխատանքներն արդեն տալիս են ցանկալի արդյունք: Ցանցի ինժեներական սպասարկումը ներառվել է դպրոցի գործող համակարգում՝ ներքին ցանցի արդյունավետությունը և անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Աշակերտներին տրված է համացանցից անվճար հիմքունքներով օգտվելու (20 Մեգաբիթ/վրկ արագությամբ ֆայլեր ներբեռնելու և վերբեռնելու ) հնարավորություն: «Այբ»-ն այսօր ունի կրթության ժամանակակից գործիքներն աշակերտների զարգացմանը ծառայեցնելու մեծ հնարավորություն: