Facebook-ի մաքուր շահույթը նվազել է 95%-ով

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը երեկ ներկայացրել է ընկերության 2012թ. ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև հետաքրքիր վիճակագրություն սոցցանցի մասին:

Facebook-ն ունի ամսական 1.06 միլիարդ ակտիվ օգտագործող: Սոցցանցից բջջային սարքերով մուտք գործող օգտագործողների քանակն ավելացել է 57%-ով՝ հասնելով 680 միլիոնի: Մարկ Ցուկերբերգի խոսքով առաջին անգամ է, որ բջջային օգտագործողների թիվը օրական այցելություններով գերազանցել է վեբ ինտերֆեյսով այցելողներին: Իսկ ընդհանրապես, օրական սոցցանց է այցելում 618 միլիոն օգտագործող:

Ինչ վերաբերում է ֆինանսական արդյունքներին, ապա ընկերությունը գրանցել է մաքուր շահույթի 95% անկում՝ կազմելով 53 միլիոն դոլար: Այս ցուցանիշը 2011-ին կազմում էր 1 միլիարդ դոլար:

Ինչ վերաբերում է տարեկան շահույթին, ապա 2012-ին մեկ բաժնետոմսը ընկերությանը բերել է 0,01 դոլարի շահույթ, ինչը 2011-ին կազմում էր 0.46 դոլար: Սոցցանցի եկամուտը 2012-ին աճել է 37%-ով՝ աճելով 5 միլիարդ դոլարով: