Միջազգային ուսումնասիրության արդյունքներով Orange-ի ցանցը Հայաստանում ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը

Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում և ստացում, ֆայլերի վերբեռնում և նեռբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով և հատուկ ծրագրերով:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում երկու անգամ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերը նշված բոլոր պարամետրերով Օրանժ Արմենիա ընկերությունն, ընդհանուր արդյունքներով, Հայաստանում առաջարկում է ինտերնետի լավագույն արագություն և որակ:

«Վերջին տարիներին մենք ջանք չենք խնայել՝ Հայաստանում կառուցելու եվրոպական լավագույն ցանցերից մեկը: 2012թ. մեզ հաջողվեց ավելացնել մեր ցանցի թողունակությունը մինչև 42Մբ/վ Երևանում, Գյումրիում և Վանաձորում և մինչև 21Մբ/վ գյուղական համայնքներում: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են ցույց տալիս: Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել մեր ցանցի արագության և աշխատանքի որակի կատարելագործման ուղղությամբ՝ այդպիսով մեր ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդներին առաջարկելով առավելագույն հարմարավետություն» ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2012թ. հունիսի 13-ից հուլիսի 5-ը և նոյեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում՝ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորված՝ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80%-ը: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում: Փորձարկումների շուրջ 20%-ն իրականացվել է շարժման մեջ:

Ընդհանուր ուսումնասիրությունն իրականացվել է 2012թ. մայիս-օգոստոս և 2012թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2013թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ երկրներում՝ Հայաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա և Սլովակիա:

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որը շեշտը դնում է Orange-ի եվրոպական ներկայության շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակի վրա, և թույլ է տալիս համեմատել շարժական կապի 26 օպերատորների ցանցերի ուսումնասիրությունների արդյունքները: