2014-ին «Իդրամ»-ը Հայաստանում կներդնի NFC տեխնոլոգիաներ

«Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգը Հայաստանում գործարկվել է 2004-ին: 2009-ին ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է դրամական փոխանցումներ կատարելու լիցենզիա, իսկ արդեն 2012-ի մարտին «Իդրամ»-ը ստացավ էլեկտրոնային փող թողարկելու իրավունք: Այս կերպ Հայաստանում հնարավոր դարձավ կատարել օնլայն գնումներ, պահել էլեկտրոնային փող և դարձնել այն փոխարկելի միջազգային էլ.փողերով:
2012-ին «Իդրամ»-ը թողարկեց նաև Իդրամ Master վճարային քարտ, iOS և Android բջջային դրամապանակներ և բացեց Երևանում 8 օֆլայն մասնաճյուղ:
«Իդրամ»-ի գործող և սպասվող ծառայությունների, դրանց անվտանգության և այլ հարցերի շուրջ ITtrend.am-ը զրուցել է ընկերության տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանի հետ:

«Իդրամ»-ը պարբերաբար համալրում է իր ծառայությունների շարքը, իսկ ինչպիսի՞ն է օգտագործողների աճը: Որքա՞ն ակտիվ օգտագործող ունի «Իդրամ» համակարգը:

Այսօր «Իդրամ»-ն ունի ավելի քան 50 000 օգտագործող: Ամեն տարի էլ աճ լինում էր 20-30%, սակայն վերջին 2 տարում տարեկան 100%-ից ավելի աճ է գրանցվում: 2013-ին սպասում ենք, որ օգտագործողների քանակը կանցնի առնվազն 100 000-ը: Ընդհանրապես, օգտագործողների աճին նպաստել է վերջին 2 տարում Հայաստանում ինտերնետ օգտագործողների կտրուկ աճը: Բացի դրանից նշանակություն է ունեցել իրավական դաշտի կարգավորումը. հաստատվել են էլեկտրոնային փող թողարկելու ընթացակարգերը և կանոնակարգերը: Մենք զարգացում ենք ապրել թե՛ օգտագործողների քանակի, թե՛ շրջանառության և թե՛ նոր ծրագրերի ներդրման տեսանկյունից:

2012-ին «Իդրամը» ներկայացրեց իր iOS և Android ծրագրերը՝ բջջային դրամապանակները: Դրանք արդարացնու՞մ են Ձեր սպասումները:

«Իդրամ»-ի բջջային ծրագրերը 2012-ի մեր խոշոր նախագծերից էին: «Իդրամ»-ը գործարկեց Հայաստանում առաջին բջջային դրամապանակը: Ընդհանրապես, մենք նորարար ենք Հայաստանի վճարային համակարգերի շուկայում: Android տարբերակը ներբեռնել են ավելի քան 1000 անգամ, իսկ iOS-ը շատ կարճ ժամանակում ներբեռնեցին ավելի քան 5000 անգամ: iPhone օգտագործողների հետաքրքրությունը մեզ զարմացրեց: Մենք պարբերաբար ստանում ենք հետադարձ արձագանքներ, որոնք օգնում են մեզ էլ ավելի բարելավել ծրագրերը: Մարտ ամսին կթողարկվի նոր թարմացում, որում հասանելի կլինեն նոր ֆունկցիաներ: Ընդհանրապես, մենք ցանկանում ենք «Իդրամ»-ի վեբ-ինտերֆեյսի բոլոր հնարավորությունները ներառել նաև բջջային տարբերակներում:

Իսկ Windows Phone բջջային օպերացիոն համակարգի համար նախագծվելու՞ է «Իդրամ» բջջային դրամապանակ:

Մենք արդեն սկսել ենք «Իդրամ»-ը համատեղելի դարձնել նաև Windows Phone-ի համար: 2013-ին այն անպայման կգործարկվի: Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, ամեն ինչ կախված է նախագծման գործընթացից. «Իդրամ»-ը բավական բազմաֆունկցիոնալ ծրագիր է:

Իսկ պլանշետների համար ծրագրեր թողարկվելու՞ են:

Սկզբունքորեն մեր ծրագրերը կարող են աշխատել նաև iPad-ների հետ, քանի որ ինտերֆեյսը նույնն է, միայն չափսն է տաբեր: Մեր ծրագիրը խաղ չէ, այնպես որ պատկերի որակն այստեղ այնքան կարևոր չէ՝ երկրորդական դեր է խաղում, առաջինը ֆունկցիոնալի խնդիրն է: Առայժմ առանձին տարբերակ պլանշետների համար չենք նախատեսում:

Ո՞ր ծառայություններից են ամենից շատ օգտվում «Իդրամ» օգտագործողները:

Առաջին տեղում կոմունալ վճարումներն են, հետո WebMoney և Яндекс.Деньги էլեկտրոնային փողերի փոխարկումը: Շատ ակտիվ են նաև տոտալիզատորների օգտագործողները: Պետք է նշեմ, որ ակտիվորեն աճում է նաև երկու նոր ծառայությունների՝ ճանապարհային ոստիկանության վճարումների և վարկերի մարումների օգտագործումը: ՀՀ բոլոր բանկերից վերցրած վարկերը կարելի է մարել առանց հերթերի, ուշացումների:

Որքանո՞վ է անվտանգ «Իդրամ» բջջային դրամապանակը:

Մեր ծրագրերը հագեցած են 8 աստիճան անվտանգության համակարգով՝ Thawte և VeriSign կազմակերպությունների կողմից տրամադրված լիցենզիաներով: Հենց նույն լիցենզիաներն ունեն աշխարհի բոլոր առաջատար էլեկտրոնային վճարային համակարգերը: Բացի դրանից, բջջային ծրագրով վճարում կատարելիս, օգտագործողը պետք է մուտք անի PIN կոդ՝ վճարումը հաստատելու համար: Ընդորում, PIN կոդը ոչ թե հաճախորդն է հորինում գաղտնաբառի պես, այլ գեներացնում է «Իդրամ» համակարգից: Բացի դրանից, PIN կոդը հնարավոր է փոխել և մենք խրախուսում ենք հաճախորդներին պարբերաբար փոխել այն. դա ավելացնում է անվտանգությունը:
2004-ից մինչ օրս համակարգի վրա հարձակման որևէ հաջողված դեպք չի եղել: Բացի դրանից, մենք անցկացնում ենք մոնիթորինգներ և ամեն տարի համակարգում ներդնում անվտանգության նոր տեխնոլոգիաներ: Մենք հաշվի ենք առնում, որ տարեցտարի շրջանառության աճի հետ միասին ռիսկերն էլ են ավելանում:

Դուք նշեցիք, որ «Իդրամ»-ով հնարավոր է փոխարկել WebMoney և Яндекс.Деньги էլ.փողերը: Իսկ այլ խոշոր էլ.վճարային համակարգերի հետ, օրինակ PayPal-ի հետ սպասվու՞մ է համագործակցություն:

Մենք ակտիվորեն բանակցում ենք PayPal վճարային համակարգի հետ, չգիտեմ ինչ արդյունք կլինի: Ամեն ինչ կախված է PayPal-ի քաղաքականությունից: Նրանք միտված չեն փոխարկելի դառնալ որևէ վճարային համակարգի հետ, անկախ նրանից, դա «Իդրամ»-ն է, թե WebMoney-ն: Պետք է գտնել համագործակցության որևէ սխեմա, բայց դա բարդ գործընթաց է: Բացի դրանից, Հայաստանի շուկան փոքր է և PayPal-ի տեսանկյունից ֆինանսների կառավարման ռիսկեր կան, ինչը խոսում է այն մասին, որ, առայժմ, Հայաստանը PayPal-ի համար գրավիչ շուկա չէ:

Ի՞նչ նորարար ծառայություններ են սպասվում 2013-ին «Իդրամ»-ից

2013-ին մենք նոր մասնաճյուղեր կբացենք, հնարավոր է նաև մարզերում, մինչև տարեվերջ առնվազ 10 նոր մասնաճյուղ է բացվելու: Մինչ այժմ, մասնաճյուղերը հիմնականում վարչական շրջանների շենքերում ենք բացել: Մասնաճյուղերը մեծ առավելություն ունեն, այնտեղ ոչ միայն վճարում ես կատարում, այլև օրինակ հնարավոր է ստանալ դրամական փոխանցումները, կանխիկացնել էլեկտրոնային փողերը և այլն:
Ինչպես արդեն նշեցի, 2013-ին նախատեսում ենք թողարկել նաև «Իդրամ»-ի Windows Phone տարբերակը, ինչպես նաև պարբերաբար կթողարկվեն iOS և Android տարբերակների թարմացումներ:

Իսկ ամենախոշոր նախագիծը NFC տեխնոլոգիաների ներդրումն է լինելու: Մենք արդեն կես տարի է աշխատում ենք այս ուղղությամբ: Մոտ 2 տարի է քննարկում էիք այս տեխնոլոգիայի ներդրումը: Այսօր արդեն մասնագետներ ունենք, ովքեր միայն զբաղվում են այդ համակարգի ներդրման աշխատանքներով:

NFC-ն անլար կապի արագ ու ապահով եղանակ է, որի սարքն իրենից փոքր չիպ է ներկայացնում, որը կարող է փակցվել ցանկացած իրի վրա: Մենք խորհուրդ ենք տալիս այն փակցնել բջջային հեռախոսին: Կան հեռախոսներ, որոնք արդեն NFC չիպով են արտադրվում: Այն ծառայում է որպես նույնականացնող սարք, երբ NFC չիպը մոտեցնում ես NFC ընթերցող սարքին, այն ճանաչում է քեզ և գումարը գանձելու հրաման է ուղարկում համակարգին: Մենք հավանաբար այնպես կնախագծենք, որ գումար քաշելուց PIN կոդ պահանջվի: Այս պահին դեռ փորձարկում ենք այս համակարգի հնարավորությունները, որի ներդրման համար պետք է աշխատենք նաև Կենտրոնական բանկի հետ: NFC ցանցի զարգացման հարցում ակնկալում ենք նաև ՀՀ կառավարության աջակցությունը: Անհրաժեշտ է, որ ամենուր տեղադրվեն NFC ընթերցող սարքեր, որպեսզի այն լայն տարածում ստանա: Կարծում եմ, որ այս նախագիծը կգործարկենք ամենաուշը 2014-ին: