Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին  հաղթողների անունները:

Վեպ. «Մաշկացավ», Հովհաննես Թեքգյոզյան

Պատվածք. «Համոյի սիրած ծաղիկը », Նարե Սահակյան

Հեքիաթ. «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», Երազիկ Գրիգորյան

Բանաստեղծական շարք. «Մոգ արքաներ», Շուշանիկ Թամրազյան

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները ստանում են նաև դրամական պարգև` 500,000 ՀՀ դրամ:

Մրցանակաբաշխության երեկոյի ժամանակ Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը շնորհավորեց մրցանակակիրներին` մասնավորապես ասելով. «Այն մեծ խանդավառությունը, որ առաջացրեց Orange Գրքի մրցույթն այս տարի, մեզ ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. ժամանակակից գրականությունը Հայաստանում իսկապես պոտենցիալ ունի: Այս մրցույթը կոչված է ժամանակակից հայ գրողների՝ սկսնակ կամ անվանի, աջակցել հանրությանը ներկայացնել իրենց անտիպ ստեղծագործությունները, որոնցից լավագույնները գիրք կդառնան:»

Orange Գրքի մրցանակ 2013 անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում ժյուրիի անդամներն ընտրել են առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք հրապարակվել են Orange-ի պաշտոնական էջում և հանձնվել ընթերցողների լայն շրջանակների դատին: Բոլոր ընթերցողները մեկ ամիս շարունակ՝ հունվարի 15-ից փետրվարի 15-ը, հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին առցանց քվեարկությունն ավարտվեց ու գրանցվեցին վերջնական արդյունքները: Ըստ այդմ, բոլոր ստեղծագործությունները միասին հավաքել են 7580 քվե, իսկ ամենաշատ քվե հավաքած եռյակում են հայտնվել Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», Էլֆիք Զոհրաբյանի «Նարցիսը» և Կարեն Անտաշյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունները: Առցանց քվեարկության արդյունքներով է որոշվել «Ժողովրդական ընտրություն» մրցանակի  արժանացած ստեղծագործությունը, որը «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթն է 2253 քվեով:

Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործություններն ընտրվել են ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվել են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն:

Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2012-ի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` պոեզիայի, 39-ը` վեպ/վիպակի, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի մրցույթին մասնակցում էր 130 ստեղծագործություն:

Այս տարի մրցույթին կարող էին մասնակցել նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) և ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ: Այս տարի առաջին անգամ Orange Գրքի մրցանակին մասնակցեցին նաև Սփյուռքի` հայերեն լեզվով ստեղծագործողներ:

Մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև Երևանի հետ միասին տոնում է գրքի և ընթերցանության տոնը, քանի որ մինչև 2013թ. ապրիլ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաքը:

Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

Հավելյալ տեղեկությունների համար` http://orangearmenia.am/book-prize/: