ՏՀՏ ոլորտի լիդերները կմշակեն տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման ուղիները

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով, կհամախմբվեն փետրվարի 23-24-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում` «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում շրջանակներում:

Փորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները`

  • ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում
  • Էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության զարգացման խթան
  • Նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ
  • ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը

Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման և ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների  շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: