2013 թվականին իրականացվող ԱրմՌոբոտիքս ծրագրերի նկարագրություն

1. «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթ

Մրցույթը իրականացվում է 2009 թ-ից: Մինչ օրս անցկացվել է 2 անգամ՝ 2009թ.-ին և 2011թ.-ին: Մրցույթի շրջանակներում մասնակից թիմերը պետք է նախագծեն և հավաքեն այնպիսի ռոբոտներ, որոնք համապատասխան դաշտում պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասակարգեն ըստ համապատասխան տեղամասերի: Մրցույթի ընթացքում մասնակիցները սովորում են պատկերների ճանաչում, մանիպուլատորների նախագծում, հավաքում և այլն: Մրցույցն ավելի բարձր մակարդակով անցկացնելու և թիմերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով` այս տարի մինչ մրցույթը մասնակիցների համար կանցկացվեն  պատկերների ճանաչման, մեխանիկայի վարժանքներ:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսին, իսկ գրանցման վերջնաժամկետն է մարտի 15-ը:

2. «Ական փնտրող ռոբոտ» մրցույթ

Այս մրցույթում մասնակիցները նախագծում և պատրաստում են ռոբոտներ, որոնք գտնում են հողի տակ պահված ականները: Ռոբոտի մրցութային տարածքը սպիտակ պատերով առանձնացված հողատարածքն է, որտեղ մինչև 3 սմ խորության վրա թաղված են ականները: Ռոբոտը պետք է անցնի այդ ամբողջ տարածությունը, շրջանցի խոչընդոտները,  գտնի ականները, ֆիզիկապես նշի դրանց գտնվելու վայրը և ականների դասավորությամբ քարտեզն ուղարկի մրցույթի սերվերին: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափ:  Ականները կլինեն մետաղական, ռոբոտն ականները կգտնի իր վրա տեղակայված մետաղ գտնող սենսորի միջոցով: Ականի վրա պայթելու պարագայում կվառվեն լամպեր, որոնք տեղադրված են ժյուրիի սեղանին: Մրցույթում կհաղթի այն թիմը, որի նախագծած ռոբոտը նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով կկատարի իր առջև դրված խնդիրը:

Մրցույթը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի առաջին շաբաթում, իսկ գրանցման վերջնաժամկետն է մարտի 15-ը:

3. «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթ

Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2013թ.-ի մայիսին: Մրցույթի ընթացքում ռոբոտը պետք է թռչի նախօրոք տրված տեղամասով` առաջնորդվելով տեղանշաններով, որոնց վրա պատկերված կլինեն  թվեր կամ այլ նշաններ: Ռոբոտը պետք է կարդա այդ նշանները և դրանց միջոցով կարողանա տեղորոշվել, որպեսզի գտնի հաջորդ նշանատեղը /թիրախը/: Ռոբոտը մրցույթի ընթացքում իր հետ կունենա  100-300գ բեռ: Անօդաչու թռչող սարքը պետք է հասնի նոր նշանատեղ, նետի բեռը և վերադառնա ետ` դեպի սկզբնակետ /թռիչքուղի/:

Ռոբոտը կարող է ունենալ.

  • Կառուցման ցանկացած տեսք, այդ թվում` VTOL /ուղղահայաց թռիչք և վայրէջք/, CTOL /սովորական թռիչք և վայրէջք/, STVOL /կարճ թռիչք և վայրէջք/ և այլն:
  • Կապի միջոցներ`3G/GPRS, այլընտրանքային կապ, MPS A-GPS
  • Նավիգացիա`GPS/Glonass/Galileo, A-GPS/MPS, INS/IMU

4. ԱրմՌոբոտիքս լաբ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի հետ համաձայնություն է ձեռք բերել Պոլիտեխնիկ ավագ դպրոցում ստեղծել ռոբոտատեխնիկայի լաբորատորիա: Լաբորատորիայում նախատեսվում է ստեղծել ընդհանուր ռոբոտատեխնիկայի դասավանդման կենտրոն Երևանի բոլոր դպրոցների աշակերտների համար: Ռոբոտիքս լաբում դպրոցականներին կդասավանդեն վերը նշված բոլոր ծրագրերով՝ ըստ տարիքային խմբերի:

Լաբորատորիայում վարժանքներ կանցկացվեն ոչ միայն դպրոցականների համար այլ նաև ուսանողների և այլ մարդկանց համար, որոնք ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա: Նախատեսվում են անցկացվել հետևյալ մասնագիտական վարժանքները.

  • Սխեմաների նախագծում
  • Ծրագրավորում / C, C++, LabView, Linux, Microsoft robotics, PLC-Ladder, FDB, STL, motor control և այլն/
  • Մեխանիկա և մեխատրոնիկա
  • Կոնտրոլերների ծրագրավորում
  • Սենսորների հետ աշխատանք
  • Պատկերների Ճանաչում
  • Նախագծերի և ժամանակի կառավարում
  • Ինչպես նաև այլ մասնագիտական թեմաներով վարժանքներ:

Աշխատանքները նախատեսվում է սկսել 2013թ.-ի մարտից:

5. «Ռոբոտներն առօրյայում» խորագրով մրցույթ

Ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության մակարդակը բարձրացնելու համար նախատեսվում է անցկացնել «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ: Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել իրենց գաղափարները, վերածել ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Հետագայում ընտրվում են լավագույն 5-8 կոնցեպտներ, որոնք էլ համաֆինանսավորվում են ռոբոտներն իրական հավաքելու նպատակով: Այն նախագծերը, որոնք չեն ընդգրկվի լավագույն կոնցեպտների շարքում, հնարավորություն կունենան մասնակցել ԱրմՌոբոտիքսի լաբորատորիայում անցկացվող վարժանքներին: Այս ամենից հետո այս ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ռոբոտները, կոնցեպտները ներկայացնել ԴիջիԹեք ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ժամանակ կանցկացվի քվեարկություն «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայի համար, ինչպես նաև կանցկացվի այս ծրագրի վերջնական մրցանակաբաշխությունը՝ «Լավագույն ինժեներական լուծում», «Լավագույն բիզնես լուծում», «Լավագույն նախագիծ»: