Հայաստանում «StartUp Cup» մրցույթի ֆինալիստները պատրաստ են կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները

Հունվարի 29-ից փետրվարի 27-ը հայաստանյան ութ առաջատար թիմեր՝ Հայաստանում «StartUp Cup» մրցույթի ֆինալիստները, մասնակցեցին ձեռներեցության զարգացմանն ուղղված հատուկ ծրագրի, որը վարում էին Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED) փորձագետները՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») օժանդակությամբ: Թիմերն իրենց բիզնես նախագծերը ներկայացրին փետրվարի 27-ին կայացած վկայագրերի հանձնման արարողությանը, որին ներկա էին հայ փորձառու ձեռներեցներ, ոլորտի փորձագետներ և միջազգային համայնքի ներկայացուցիչներ:

Վերջին ամսին երիտասարդ ձեռներեցները Հայաստանում «StartUp Cup» մրցույցի ժամանակ իրենց մշակած բիզնես մոդելների գաղափարները վերածեցին կենսունակ և մրցունակ բիզնես նախագծերի՝ դրանց ֆինանսական պլաններով, շուկայական հետազոտություններով, մարքեթինգային ռազմավարությամբ և այլ անհրաժեշտ տարրերով: Յուրաքանչյուր բիզնես գաղափարի համար թիմը գնահատում էր ինքնարժեքը և իր պրոդուկտների/ծառայությունների գինը, մշակում շուկայի հետազոտության վրա հիմնված մարքեթինգային ռազմավարություն, կանխատեսում բիզնեսների ֆինանսական հոսքերը և շահութաբերությունը և այդ ամենը ի մի բերում որպես իրատեսական բիզնես նախագիծ: Մեկամսյա այս ուսուցման, խորհրդատվության և փորձի փոխանակման ընթացքում թիմերն այժմ լիովին պատրաստ են իրենց պրոդուկտները/ծառայությունները շուկա հանել և դիմել նորաստեղծ ընկերությունների համար նախատեսված վարկերի:

Ծրագիրը բաղկացած էր երեք բաղադրիչներից՝ վերապատրաստում, թիմային աշխատանք և խորհրդատվություն: CEFE (Ձեռնարկության ձևավորում՝ ունակությունների հիման վրա տնտեսավարմամբ, Competency-based Economies through Formation of Enterprise) մեթոդոլոգիայի հիման վրա վերապատրաստման դասընթացները նպաստեցին մասնակիցների՝ մարքեթինգի, մենեջմենթի և ֆինանսական կանխատեսումների վերաբերյալ գիտելիքներին:

CEFE-ն վերապատրաստման գործիքների ընդգրկուն փաթեթ է, որն օգտագործում է կոնկրետ գործողությունների միտված և փորձառությունից սովորելու մեթոդները՝ նպատակ ունենալով զարգացնել և խթանել ձեռներեցների բիզնեսավարման հմտություններն ու նրանց անձնական հմտությունները:

TECTVM-ը (tectum), որը Հայաստանում «StartUp Cup» մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը, ավելի մանրամասն մշակեց իր՝ այծի պանրի արտադրության տեխնոլոգիայի գաղափարի ֆինանսական և շուկայավարման կողմերը: Ծրագրի արդյունքում TECTVM-ը բիզնես վարելու հստակ մոդել մշակեց, որի օգնությամբ հետագայում կհամագործակցի այծի պանիր արտադրող ընկերությունների հետ և կապահովի եկամուտ:

ArmAudioBooks թիմը, որը «StartUp Cup» մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ «Ձայնային տաղանդի ամբողջական ձայնագրման ստուդիայի» նախագծի համար, կատարելագործեց իր մարքեթինգային ռազմավարությունը հատուկ Սփյուռքի շուկաների համար, ինչպես նաև վերանայեց ինքնարժեքի հետ կապված ու ֆինանսական այլ հարցեր: Վերապատրաստման արդյունքում թիմը կարողացավ մեկ այլ բիզնես գաղափար առաջ քաշել, որը մերսման ծառայություններ կառաջարկի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կողմից՝ դրանով իսկ նպաստելով հատուկ կարիք ունեցող մարդկանց համար աշխատատեղերի ստեղծմանը և եկամուտների ապահովմանը:

Երրորդ տեղը զբաղեցրած Innovative Greenhouse թիմը, որը հանդես էր եկել ավտոգազալցակայաններում կորչող էներգիան դրանց կից ջերմոցներ կառուցելու և ուղղելու գաղափարով, աշխատեց նախագծի մարքեթինգի և այլ դետալների վրա:

Մյուս թիմերը, օրինակ՝ Looker-ը, վերապատրաստման արդյունքում բիզնես նախագիծ մշակեց իր՝ մասնավոր մանկապարտեզներում և խնամքի տներում տեսադիտարկման և արխիվացիայի գաղափարը կիրառելու համար: Իսկ Biohumus թիմը մշակեց բիոհումուս արտադրելու բիզնես պլան, որը մշակաբույսերի աճեցման  համար կալիֆոռնիական կարմիր որդերի օգտագործմամբ բարելավում է հողի որակը:

«Հայաստանում «StartUp Cup» մրցույթի ֆինալիստների համար CEED-ի Ձեռներեցության զարգացման ծրագիրը իրական և շոշափելի աջակցության հրաշալի օրինակ է, թե ինչպես հայ ձեռներեցները կարող են իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչել»,- ասաց Հայաստանում «StartUp Cup»-ի հիմնադիր Հայկ Ասրիյանցը: «Մենք գնահատում ենք մեր գործընկերների օժանդակությունը և վերահաստատում հայ ձեռներեցներին աջակցելու մեր նպատակը»: