Մայքրոսոֆթ Հայաստան – “Անվտանգ Խաղ”

Ծրագրային ծովահենությունը ժամանակի ու գումարի առումով միլիարդավոր վնասներ է հասցնում և´ անհատ սպառողներին, և´ ձեռնարկություններին: «Մայքրոսոֆթ» ընկերության պատվերով անցկացված նոր ուսումնասիրությունը նույնպես ցույց է տվել, թե ինչպիսի վտանգներ կարող են լինել կեղծ ծրագրեր օգտագործողների համար:

Մինչ համակարգիչներից օգտվողներից ոմանք գումար խնայելու հույսով ակտիվորեն որոնում են չարտոնագրված ծրագրեր, անսպասելի վիրուսներով վարակվելու նրանց հնարավորությունները, անհատ սպառողների դեպքում՝ մեկը երեքի հարաբերությամբ է, իսկ ձեռնարկությունների դեպքում՝ երեքը տասի: Այս մասին է վկայում «Մայքրոսոֆթ» ընկերության պատվերով «Միջազգային տվյալներ» ընկերության (IDC) կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս, որ այս վարակների հետևանքով սպառողները կծախսեն 1.5 մլրդ ժամ և 22 մլրդ դոլար՝ պարզելու, թե ինչումն է խնդիրը, նորոգելու համակարգիչը և համակարգչային վիրուսի հետևանքները վերացնելու համար: Իսկ համաշխարհային ընկերությունները կծախսեն 114 մլրդ դոլար՝ վերացնելու կիբեր-գրոհների ժամանակ համակարգիչ ներթափանցած վիրուսների հետևանքները:

Համաշխարհային ուսումնասիրության ընթացքում մասնագետները վերլուծել են 270 կայք և «օգտագործողը-օգտագործողին» (P2P) ցանց, 108 ծրագրային ներբեռնում և 155 CD/DVD-ներ, հարցազրույց են անցկացրել 2,077 սպառողի և  258 ՏՏ մենեջերների կամ գլխավոր տնօրենների հետ Բրազիլիայում, Չինաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թայլանդում, Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հետազոտողները պարզել են, որ չարտոնագրված ծրագրերի (որոնք չեն տրվում համակարգչի հետ) 45%-ը գալիս է ինտերնետից, և այս ծրագրերի 80%-ը ներբեռնվում է այնպիսի կայքերից կամ P2P ցանցերից, որոնք ընդգրկում են լրտեսական ծրագրերի որոշ տեսակներ, իսկ 36%-ը՝ Տրոյան տեսակի վիրուսներ և իրենց մեջ գովազդ պարունակող ծրագրեր (adware):

«Կիբեռհանցագործության իրողությունը հետևյալն է. կեղծարարները փոխում են արտոնագրված ծրագրի ծածկագիրը՝ դրան կցելով վիրուսը,- ասել է Դեյվիդ Ֆինը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերհանցագործության կենտրոնի գլխավոր իրավախորհրդատուի տեղակալը: – Այս վիրուսներից մի քանիսը գրանցում են օգտատիրոջ յուրաքանչյուր  ստեղնաշարի սեղմում՝ հնարավորություն տալով կիբերհանցագործին գողանալ զոհի անձնական և ֆինանսական տվյալները, կամ հեռակառավարմամբ միացնում են վարակված համակարգչի խոսափողն ու տեսագրիչը՝ տալով կիբերհանցագործներին  աչք ու ականջ ժողովասրահներում և ննջասենյակներում: Լավագույն տարբերակը խուսափելու նման վիրուսների սպառնալիքներից արտոնագրված ծրագիր պահանջելն է՝ համակարգիչ գնելիս:

IDC-ի ուսումնասիրությունը, որը վերնագրված է «Կեղծ և չարտոնագրված ծրագրերի վտանգավոր աշխարհը», հրապարակվել է այսօր՝ «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային նախաձեռնության՝ «Անվտանգ Խաղ» (Play It Safe)  միջոցառման շրջանակներում, որի նպատակն է ծրագրային ծովահենությանն առնչվող թեմաների իրազեկման բարձրացումը:

«Մեր ուսումնասիրությունն աներկբա է. անխուսափելի վտանգները դարանակալում են այն սպառողներին և ձեռնարկություններին, որոնք փորձում են օգտվել չարտոնագրված ծրագրերից,- ասել է Ջոն Գանցը՝ IDC-ի գլխավոր հետազոտողը: – Ոմանք նախընտրում են չարտոնագրված ծրագրերը՝ փող խնայելու նպատակով, սակայն այս «հավելվածային» ծրագրերն ի վերջո ֆինանսական դժվարություններ և էմոցիոնալ լարվածություն են ստեղծում և´ ձեռնարկության, և´ անհատական համակարգչի օգտատիրոջ համար»:

Սպառողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներից առանձնացրել ենք հետևյալները.

  • 64% հարցվածների ծանոթները, որոնք օգտագործել են չարտոնագրված ծրագրեր, անվտանգության հետ կապված խնդիրներ են ունեցել:
  • 45% դեպքում չարտոնագրված ծրագիրը դանդաղեցրել է անահատական համակարգչի աշխատանքը և օգտատերը ստիպված է եղել հանել ծրագիրը համակարգչից:
  • Հարցվածների 48%-ը նշել է, որ չարտոնագրված ծրագրեր օգտագործելիս իրենց ամենամեծ խնդիրը եղել է տվյալների կորուստը:
  • 29%-ին առավելապես անհանգստացրել է անձնական տվյալների գողությունը:

Չարտոնագրված ծրագրերում վտանգավոր վիրուսներ տեղադրելը նոր մեթոդ է վնաս հասցնելու համակարգիչներից օգտվողներին, որոնք անտեղյակ են հնարավոր վտանգին:

IDC-ի զեկույցում ներկայացված ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս վերջնական սպառողների կողմից ձեռնարկության համակարգիչների վրա ծրագրեր տեղադրելու զարմացնող ցուցանիշը, որը բացահայտում է աշխատատեղի էկոհամակարգում ոչ ապահով ծրագիր օգտագործելու ևս մի մեթոդ: Մինչ ՏՏ մենեջերների 38%-ն ասում է, որ նման երեևույթ պատահում է, աշխատողների 57%-ն ընդունում է, որ իրենք տեղադրել են սեփական որևէ ծրագիր գործատուին պատկանող համակարգչում: Անհանգստացնողն այն է, որ հարցվածները IDC-ին ասել են, թե իրենց աշխատատեղի համակարգիչների վրա իրենց տեղադրած ծրագրերի ընդամենը 30%-ն է զերծ եղել որևէ խնդրից: ՏՏ մենեջերների 65%-ը համաձայն է, որ օգտատիրոջ տեղադրած ծրագիրը մեծացնում է կազմակերպության անվտանգության ռիսկերը: Շատ ընկերությունների համար օգտատիրոջ տեղադրած ծրագիրը հնարավոր է դժվարություններ ստեղծի անվտանգ ցանց ապահովելու համար:

Հաճախորդներին հորդորում են այցելել www.microsoft.com/security կայքէջը՝ ստուգելու իրենց ծրագրի արտոնագրված լինելը և պարզելու, թե արդյոք իրենց սարքը վարակված չէ. վիրուսի առկայության դեպքում կան գործիքներ վարակը հեռացնելու համար: Համակարգիչ գնել ցանկացող հաճախորդներին հորդորում են սարքը գնել հեղինակավոր ընկերությունից՝ համոզված լինելու համար, որ ստանում են «Մայքրոսոֆթի» արտոնագրված ծրագիր:

IDC ուսումնասիրության մասին մանրամասն կարող եք կարդալ «Մայքրոսոֆթի» Անվտանգ Խաղ միջոցառման կայքում http://www.play-it-safe.net/ , և մամուլի կենտրոնում, http://www.microsoft.com/news/ipcrimes: